Երեկ "Շողակն" անսամբլի համերգին էի, Գաֆեսճյանում (ասեմ, որ Կասկադ-Գաֆեսճյան թանգարանն իր ամեն ինչով՝ ներառյալ Խանջյանի անվճար ցուցադրությունն ու համերգները, որ կազմակերպվում են, մշակութային մխիթարություն է մեր գզգզված Երևանի ու մեր բռնաբարված առօրյայի համար):
Փոքր համերգասրահ է, կամարաձև լուսամուտները բացվում են ուղիղ Երևանի ու Մասիսի վրա (չնայած հիմա Մասիսը համարյա չի երևում Երևանից, չեմ ուզում ասել մեքենաների, այլ ՄԵՐ արտադրած սմոգի ու գաղջ մթնոլորտի պատճառով: Ցավոք պետք է փաստեմ, որ Երևանն էլ վերևից այլևս սիրուն չի: Հիմա Երևանով կարելի է շնչել ու հիանալ միմիայն ներքևում՝ շենքերի արանքներում ու դեռևս դիմադրող մի քանի կտորի մեջ):
Ներսում զուլալ հայկական երաժշտություն էր, իսկ դրսում՝ բաբելոն: Ներսում մարդիկ պատառ-պատառ եղած պատմական Հայաստանի օրորներն ու սիրերգերն էին երգում, որ վերջին սերունդը գաղթի ճամփով էր բերել Հայաստան, հաղորդել մի քանի մասնագետի ու գնացել ու իր հետ հավերժ տարել իրական երկիրը, իսկ դրսում՝ անիմաստ ու աննպատակ գոյության համար իրար կոկորդ կրծող հայերի զանգվածը:
Գիտակցությունը, թե դրսում, էդ պատերից դուրս ինչ է կատարվում, ի՛նչ երևան է էնտեղ ու ո՛ր օրվա հասարակությունը, չէր թողնում մինչև վերջ մտնել էդ մթնոլորտի մեջ: Անմնացորդ վայելել քո էության, Է-ության հետ միախառնվելու էդ մեկ-երկու ժամը: Գիտակցությունը, որ Էնտեղի մարդը ոչ լսում է, ու որ ամենացավալին է, ոչ էլ ուզում է լսել, հասկանալ կամ հիշել՝ ինքն ով է, անընդհատ խանգարում էր, որ՛տև էդ երգը հո՞ մենակ քոնը չի, նրանցն էլ է...
***
Ամեն օր, առավոտվանից մինչև իրիկուն մեկ ու կես միլիոն մարդ էս քաղաքում աչքերը բացում է կատաղած ու դուրս է գալիս կատաղած՝ կոկորդ կրծելու պատրաստ: Ամեն օր, ամեն վայրկյան էս քաղաքում աղմուկ է: Ամբողջ օրն ու նույնիսկ գիշերը մեքենաների աղմուկը չի կտրվում: Աղմուկն արդեն մարդկանց գլխների մեջ է, ասես՝ գործարանային, զրոյական վիճակը դա լինի:
Ու էս աղմուկի մեջ մարդկանց ոչ մի բան պետք չի: Պետք է մենակ ընդհանուր աղմուկից մի քիչ ավելի բարձր ձենով գոռալ, որ իրենց անիմաստ ծիծաղը, խոսքը լսելի լինի մնացած անիմաստության մեջ: Մինչդեռ, անիմաստության մեջ անիմաստությունը իմաստ չի լցնում:
Ու՞ր ենք գնում, հանուն ինչի: Մեզնից խլել են երազանքը: Առաջ գնալու ցանկությունը, գիտակցությունը, որ առաջ գնալն անհրաժեշտություն է, փրկություն լճացումից ու կործանումից:
Օրինակ, մեզնից խլել են Մասիսը, իսկ Մասիսն ընդամենը անիմաստ ազգայնական պաթոս չի, Մասիսը նպատակ էր, որ ունեինք մի որոշ ժամանակ առաջ: Մասիսը հոգի էր տալիս մեզ, մեր ապրած քաղաքին, իմաստով էր լցնում մեր առավոտը ու օրը: Մեզնից խլեցին Մասիսը. դիտմամբ, թե ակամայից՝ երկրորդական հարց է, որ՛տև մենք ձեռքներիցս բաց թողեցինք, հանգիստ, հոժար թողեցինք:
Մեզնից խլեցին Արևմտյան Հայաստանը: Այն թողեցին միայն ապրիլի 24-ին ծաղիկ առնելու ու Ցեղասպանության հուշահամալիր սեմուշկա չրթելու սովորույթի տեսքով: Խլեցին դիտմամբ, բայց մենք էլի հոժար էինք: Հոժար էինք, որ՛տև էդ Արևմտյան Հայաստանից մեզ մենակ հույսն էր պետք, որ էն նյույորքյան բանկի փոխհատուցման ցանկում մեր մորթած պապն էլ կլիներ, որ մի քիչ փող կպներ...
Մեզնից նպատակն են խլել ու առաջ գնալու իմաստը: Փոխարենը մեզ տվել են սպառումը՝ ուտելիքի, հագուստի, կայֆերի, հռհռոց առաջացնող ապուշ ու տափակ "հումորի", երգի տնազի, պարի տնազի, երազանքի տնազի: Էն, ինչ մնացել է մեզ, իրականում երազանքի տնազ է՝ անցողիկ, փուչ, անիմաստ, անգաղափար, սպառվող ու շատ արագ բավարարվող:
Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված:
Մենք բոլորս, որ հոգնաբեկ չենք նայում վեր՝
Մոռանալով աշխարհային չարը, բարին,
Տրտում կօրհնենք մի իրիկուն օրերը մեր
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին...Կնայե՞նք որ...
Կարծեմ թե մեզ բան պետք չի արդեն: Եթե պետք լիներ, կպահեինք կամ կվերցնեինք:
Հ.Գ. Որ հանկարծ ունակություններիս մասին սխալ, թեև բարենպաստ, կարծիք չկազմվի, ասեմ, որ սույն բանաստեղծությունը Չարենցինն է:
Այ սենց տխուր մտքեր:)