Նավասարդ արքեպիսկոպոսի բենթլիի շուրջ հիստերիայի ժամանակ, երբ ես ասում էի, որ ինձ չի հետաքրքրում էդ մարդու քշած մեքենան, ոչ էլ ասենք ինչ-որ մի Ղազարոս աբեղայի մերսեդեսը կամ էլ այլ հոգևորականի հեռախոսը, ինձ աննորմալ ծայրահեղականի, ոչ ադեկվատ մարդու տեղ էին դնում։
Հայտնվեցին մարդիկ, որ ինձ Նարեկացուն օրինակ բերեցին։ Մինչդեռ, Նարեկացուն ոչ թե ուրիշի համար են օրինակ բերում, այլ սեփական անձի։ Հակառակ դեպքում դա ռաբիզ հայրենասիրության, տափակամտության կամ վերին աստիճանի փարիսեցիության դրսևորում է (ընտրի՛ր քո տարբերակը)։Ես նույն կերպ չէի մասնակցում բամբասանքին, երբ ԿՄ-ում 1-2 տարի առաջ վրա-վրա քննարկվում էին Հրանուշ Հակոբյանի քաշքայն ու Աշոտյանի չգիտեմինչֆիրմայի ավտոն։ Ինձ էլի չէր հետաքրքրում։ Թող Աշոտյանը լեզվի օրենք չփոխեր, թող լեզվի պետական տեսչությանը աշխատել տար ու թող ամեն իրիկուն շամպայնով լոգանք ընդուներ, կամ էսքանից հետո էլ թող ընդունի։ Ինձ Ի՞ՆՉ։
Եթե էն ժամանակ էլ փորձեի հարց տալ՝ ձեզ ինչ, ինձ կարող է սարքեին Աշոտյանի կամ Հրանուշ Հակոբյանի ֆանատը։
Սա իմ դիրքորոշման պահով։
Հիմա ուզում եմ ավելի խորը բաների մասին մտածելու փորձ անենք։
Ի՞նչ է նշանակում լինել քրիստոնյա։ Ամեն մեկս մեզ քրիստոնյա ենք անվանում, բայց մենք գոնե մի խոսք Քրիստոսից հիշու՞մ ենք։ Այո, հիշում ենք, երբ հարցը ուրիշին մատ թափ տալուն է հասնում՝ Նավասարդ արքեպիսկոպո՛ս, բա ինչի՞ աղքատ չես, Վեհափառ, ինչի՞ ես մեքենաներով և այլն։
Իսկ էդ ասողներից ո՞ր մեկս ենք մեր տունը ծախել ու աղքատներին բաժանել, որ ուրիշից ենք պահանջում։ Հիմա կասեն՝ բայց նա եկեղեցական է, և ի՞նչ։ Քրիստոս բոլորիս ասաց։ Ամեն մեկիս։ Էն ժամանակ Վեհափառ չկար։ Կամ անում ես, կամ չէ։ Ու անես-չանես, ուրիշից էլ իրավունք չունես պահանջելու։ Սրբերը երբ իրենց ունեցածից հրաժարվելով քուրձ էին հագնում ու օրերով ծոմ պահում անապատներում, ուրիշներից չէին պահանջում նույնը անել։
Հաաա, համ էլ մենք անցնելուց 10 դրամ ենք գցում մուրացկաններին․․․․ Աաաա, մեեեծ գործ, որից հետո կարելի է մեջքի վրա քնել ու սպասել Աստծո դատաստանին՝ մենք պատրաստ ենք արդեն սրբերի դասում ՊԱՏՎԱՎՈՐ տեղ առնելու։ Հիմա թող մյուսները հիշեն Նարեկացուն, Քրիստոսին, հոգու փրկությունը, ազնվությունը․․․ Բայց ուրիշները մեզ նման թեթև չեն պրծնի, որ՛տև մենք ՄԵՆՔ ենք, մենք տեղից լավն էինք, հիմա արդեն տեղ չունենք լավանալու։
Հավատացյալներին եմ հարցնում, հե՞չ մտածել եք, Աստծո առաջ կանգնելիս, երբ ամեն մեկից պահանջվելու է հաշիվ իր ամեն արածի ու ասածի համար, էդ ժամանա՞կ էլ եք Վեհափառին մատնացույց անելու։ Դուք, որ ինքնախաբեությամբ ՀԻՄԱ ձեզ համոզում եք, թե ուղղվելու ու ձեզ վրա աշխատելու տեղ չունեք, Աստծու՞ն էլ պտի կարողանաք խաբել։ Էդքա՞ն միամիտ եք։ Ամեն մարդուն իր կյանքը տրված է առաջին հերթին ԻՐ հոգու վրա աշխատելու համար, ոչ թե ուրիշների աչքերի մեջ շյուղեր ման գալու։
Թե՞ ձեզ թվում է, թե Աստված ճակատներդ է շոյելու, երբ էդ օրը մատնացույց անեք, թե կաթողիկոսի հրաժարական եք պահանջել փոխանակ ձեր մեջը մաքրեք։ Հը՛մ, Աստված ու Իր խոսքն անփոփոխ են, ու Աստված Իր խոսքը չի փոխելու, որ հարմարացնի ձեր էս փուչ գործողություններին, ու դուք էլ Վեհափառի նման ու իմ նման պատասխան եք տալու սեփական վատ արարքների համար, ու նաև էդ հիմար հասարակական ակտիվության։ Զգույշ, որ էս հիմար կոչերն ու ելույթները չծանրացնեն ամեն մեկիս ունեցած բեռը․․․
Բոլորս խոսում ենք կայացած սրբերի դիրքերից։ Նորից բերեմ էդ պատկերը՝ փրկվածներս մեջքներիս վրա պառկած մատով ուղղություն ենք ցույց տալիս՝ դու սենց արա, դու նենց, թե չէ ձեզնից ի՞նչ քրիստոնյա։
Խնդալու է․․․ չէ, կոնկրետ էդ մարդու համար լացելու, երբ տեսնում ես՝ իրեն քրիստոնյա է հայտարարում, իսկ քայլերն ու ասածները սովորական կռապաշտի են, կուռքը սեփական ես-ն է ու դրա անվիճելի հանճարը, սրբությունը, ազնվությունը, իսկ Քրիստոսի անգամ «սիրեցեք զմիմիանս» պատգամի հետքն էլ չկա։ Որովհետև եթե սեր լինի մարդու մեջ, մարդը սիրելով կաղոթի իր ժողովրդի համար, մանավանդ նրանց, ովքեր ըստ իրեն ամենամեղավորն են։
Անգամ տառակեր փարիսեցիները քարերը ձեռքներից գցեցին, երբ Տերն ասաց՝ ձեզնից ով որ անմեղ է, թող նա առաջինը․․․
Ամո՛թ, էդ էլ չենք հիշում։ Քարերն ենք ձեռքներիս մեջ շուռումուռ տալիս, գնալով ավելի մեծացնում ենք, փոխանակ մեզ նայելով ամաչենք մեր արածից։
Մեղքի մեջ խեղդված, ուրիշներին արդեն դժոխք ենք ուղարկել, կարծես Աստված մենք ենք։
«Չար ու շնացող ազգը․․․»
Մեր ամբողջ միտքը, լեզուն, հոգին ու ուղեղը կեղտի մեջ կորած է։ Ամեն երկրորդ հայի ամեն երկրորդ բառը կամ անեծք է, կամ հայհոյանք, կամ ինչ-որ գռեհիկ խոսք։ Մեր լեզուն (ֆիզիկական օրգանը, ոչ թե հայերենը) չար է, որ՛տև թույնը մեջներս ներծծված է։ Ընտանի՞ք ենք կարողանում սրբությամբ պահել, երբ պսակի ժամանակ Աստծու առաջ տեր ու հնազանդ ենք խոստանում լինել, երեխա՞ ենք կարողանում դաստիարակել մանավանդ մեր օրինակներով, հայրենիքի՞ն ենք լավ ծառայում, ընկերներին ու բարեկամների՞ն ենք սիրում, աղքատների՞ն ենք տեր կանգնում, եթե այո, ապա ինչի՞ են ընտանիքներն էսօր էդքան արագ քանդվում, ինչի՞ տղամարդկանց մեծ մասը կողքից սիրուհի է պահում, ինչի՞ են սեռավարակները շատանում, ինչի՞ է մեր երկիրն էս օրի, ինչի՞ են աղքատներն էսքան շատ ու էսքան թշվառ։
Ի՞նչ ենք մենք առանձին-առանձին ու հավաքականության մեջ, որ ինչ ենք ենք պահանջում դիմացինից։ Այ էդպես իրարից ու ոչ երբեք ինքներս մեզնից պահանջելով դարերով ապրել ենք, որ էսօր էս օրին ենք։ Ոչ երկիր է մնացել ձեռքներիս, ոչ էլ ազգ է մնացել երկրի վրա։
Սրբերի վարք երբևէ կարդացած կա՞ք։ Հաճույքների ու վայելքների մեջ խեղդված սու՞րբ ենք մեզ զգում։ Սրբերը, որպեսզի չփառաբանվեն մյուսներից, հատուկ թողնում գնում էին անապատներում էին ապրում, աղոթում, էդքան սրբության մեջ ԻՐԵՆՑ մեղքերի վրա էին լացում ու եղբայրներին սիրելով աղոթում նրանց համար։ Էսօրվա մեր «սրբերից» քանիսի՞ ընտանիքում է լիակատար խաղաղություն ու սեր։
Երբ Կարապետյանի մասին գրեցի, զարմացա, որ անգամ իրենց քրիստոնյա համարողները ինձ պատրաստ էին հում-հում ուտել, բայց հաճույքով հավատում են նույն Կարապետյանի բամբասանքին։
Հարգանքներս բոլշևիկյան պրոպագանդային, ամբողջ սերունդներ 70 տարի կտով կերակրվելուց հետո, անգամ անկախության սերունդն էդ կտերի վրա է մեծացել։ Ուրեմն ինչ-որ մի հուշարձանագետ (էստեղ ոչ թե Կարապետյանի մասնագիտական որակների հարցն է, այլ հուշարձանագետ-կաթողիկոս զուգահեռի) ավելի՞ լավն է, քան Վեհափառ հայրապետը՞։ Ուրեմն Վեհափառը կարող էր ասել, թե ինքը գործ չունի Սանահնի հետ, իսկ Կարապետյան Սամվելը չէ՞ր կարող էդքան իր մասին մեծ կարծիքի լինել։ լօլ
Ու որ ամենակարևորն է, էս աղմուկի մեջ ինչ-որ մեկը զգա՞ց, որ
ԷՍ էր աղանդների հակադարձ քայլը։ Եհովայի վկաները քահանայի վրա էին հարձակվել, ոչ մեկի պետքը չէր։ Էլի սրբերի դիրքից ուրիշների մեղքերն էինք հիշել։
Օրենք են փոփոխում, որ 25 հոգով աղանդ գրանցեն, էլի ոչ մեկի պետքը չի, որ՛տև կուտը թափած է, կուտ ուտելով ենք զբաղված։ Մեկ է, հետո հանգիստ էլի կմեղադրենք եկեղեցուն։
Մինչև կուտ ուտելը չթարգենք, մենք երկիր չենք դառնա։
Հիմա արդեն, օրենքին մուննաթ, ամեն մի
ձվից դուրս եկած ֆ-բուքի նախաձեռնող խումբ 20-25 հոգի լայք տվող կարող է հավաքել ու վերածվել կրոնական կազմակերպության։ Վեհափառի հրաժարականի օրերի սրբեր, Սամվել Կարապետյանի ճշտի վկաներ, Բենթլիի վկաներ (իրականում էդ անունը հորինողը ինքն իրեն է անուն տվել, ոչ թե հոգևորականներին, ու ես հաճույքով օգտագործում եմ էդ անվանումը), բոլշևիկյան կտերի հավատավոր հոտ․․․
Ու թող վխտան աղանդները, մեկ է, մեղավորը by default կա, մենք էլ մեր էս ողորմելի հանրային կյանքը շարունակենք հետաքրքիր դարձնել գլխներիցս մեծ նախաձեռնություններով։ Շարունակենք ինքնահաստատվել ի վնաս մեր հոգիների։
Ու մի բան էլ, ավելի մեծ հիմարության, քան Վեհափառի հրաժարականը, երևի ունակ չէր արդի հայոց ըմբոստ միտքը։ Չի լինի էդ հրաժարականը բնականաբար, ու հեթանոս ու կռապաշտ ազգս հանգիստ առիթ կունենա խոզի պես շարունակել՝ ուտել, հարբել, «լեվի» գնալ, որ՛տև պահանջե՞ց հրաժարական, պահանջեց, չբավարարեցի՞ն, չբավարարեցին, բա էլ ի՞նչ եք ուզում․․․
Ու ընդհանրապես, վստա՞հ են նախաձեռնողները, որ էդքան մեծ բեռի տակից դուրս կգան․․․ Արդեն իրենց պատկերացնում են պատմության դասագրքերի էջերի՞ն։ Բա ինչի՞ էդքան տեղային, վերցրեք ավելի մեծ մասշտաբներ, անցեք Մակեդոնացու արշավանքներին միանգամից, էլի։
Համեստություն, խոնարհություն, որդիական հնազանդություն ու հարգանք․․․ Ծնողների հրաժարական ե՞րբ ենք սկսելու պահանջել։ Հո՞ բոլորը սուրբ չեն։
Առաքելական եկեղեցին ծնող է, Վեհափառը՝ հայրապետ։ Ի՞նչ կլինի էսքան թույնի տեղակ մի անգամ կանգնեք պատարագի ու երբ լսեք «վասն հայրապետի մերոյ․․․» սրտանց աղոթեք էդ մարդու համար․․․ Ափսո՞ս է։ Բա՞ Քրիստոս ո՞նց մեզ ներեց։ Բա քահանաները ո՞նց են մեր էսքան անշնորհք, անհնազանդ պահվածքից, ամբարտավանությունից հետո ամեն անգամ պահպանիչ աղոթք կարդում մեզ համար․․․
Մարդու կյանքը շատ կարճ է ու դրան գումարած՝ կարող է ընդհատվել ցանկացած պահի․․․ Հայ Առաքելական եկեղեցին ուսուցանում է՝ ինչ հասցրեցիր ուղղել էս կյանքում՝ հասցրեցիր, ինդուլգենցիաներ չկան, քավարաններ չկան․․․ Հետո մեկ էլ կա Աստծու դատաստան, որի առաջ կանգնելու ենք կյանքից ժառանգած մեղքերի բեռով։ Ուրեմն, ինչի՞ ամեն ինչ մի կողմ չդնել ու չսկսել սեփական անձը մաքրել․․․ Եթե հասցնենք մաքրվել մինչև վերջ, նոոոոր հանգիստ խղճով կանցնենք մյուսների աչքերի շյուղերին։
Եթե․․․ մի հատ մեեեեծ ԵԹԵ․․․