Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Աթենք

$
0
0
Չնայած որ Աթենքում եկեղեցիներն ամեն քայլափոխի են, սկսել էի կարոտել հայկականին: Ճշտեցի, որ գոյություն ունի երեք հայկական եկեղեցի՝ երկուսն Անթիլիասի, մեկը՝ Էջմիածնի: Էջմիածնի եկեղեցին ինձ համար բացարձակապես անծանոթ թաղում էր, չէի գտնի: Որոշեցի գտնել "անթիլիասապատկան" Սբ. Գրիգոր Լուսավորիչը: 

Ամենահեշտ հասանելի Մոնաստիրակի կայարան, հետո երկար փողոցով ներքև՝ դեպի եկեղեցու թաղը: Ընկերներս ձեռքով գծեցին քարտեզի էդ փոքր հատվածը, ստացվեց իսկական գուգլ մեփ, վերցրի գուգլ մեփս ու ընկա ճամփա: 

Կիրակի օր էր: Մոնաստիրակիում են հուշանվերների խանութները, տեղի վերնիսաժը՝ պլական, հնավաճառները... Ոչ միայն կայարանի շրջակայքը, այլև ամբողջ փողոցի երկայնքով նեղ մայթերը լցված են լինում հնավաճառների իրերով: Երևի թե ամեն ինչ հնարավոր է գտնել հենց մայթերին լցված էդ իրերի մեջ: Քայլում ես կամ փողոցով, կամ էլ վաճառվելիք ապրանքի վրայով լոնքերով անցնելով:  



Հետո նեղլիկ մի քանի փողոց ես անցնում, ու դիմացդ հայտնվում է հայկական եկեղեցին: 



Մտածում էի գոնե 12-ի կողմերը կհասնեմ, գոնե մի քիչ պատարագին ներկա կգտնվեմ: 

Մտա՝ տեսնեմ մեկը աստիճաններն է ջրում: Բարևեցի: Սիրում եմ, երբ օտար երկրներում հայերեն ես խոսում ու հայերեն պատասխան ստանում: 
Հարցրի՝ ինչպե՞ս պիտի անցնեմ: 
- Հոն,- ու ցույց տվեց կողքի դուռը, որ բակ էր տանում: 
Մտնում եմ՝ փոքրիկ բակ է, մի դուռ, որ տանում է դեպի մարդկանցով լեցուն սրահ: Փաստորեն պատարագն արդեն ավարտվել է, համայնքը հավաքվել է գավաթ մը սուրճի:) 

Դուրս եմ գալիս նորից աստիճանների մոտ, նույն մարդուն հարցնում՝ իսկ եկեղեցի ինչպե՞ս մտնեմ:
- Եկեղեցին վերջացավ, անցի՛ր հիմա հոն,- նորից գավաթ մը սուրճի է ինձ ուղարկում: Մտածում եմ՝ դեմք է, իր համար կարևոր չի, որ համայնքեն չեմ, եկել-հասել եմ, հայ եմ՝ վերջ, հոն: 

Ի վերջո ցույց է տալիս, որ աստիճաններով պիտի բարձրանամ բուն եկեղեցին մտնելու համար: Առաջին անգամ եմ տեսնում հայկական եկեղեցի, որ ներսից աստիճաններով պիտի բարձրանաս: Խորանը փակ է արդեն: Պատարագն էլ վաղուց վերջացել է: 

Խորանի վրայի պատվանդանն է զարմացնում՝ ինչ-որ հայկական չի... Անթիլիասն ինչ-որ տարբերություններ ունի՞,- մտածում եմ: 



Վարագույրի խաչի տակի արծվաթև ոսկեգույն պատվանդանը: 

Հետո մտնում են հոգևորականներ՝ անծանոթ հագուստով, գլխներին՝ քիփ նստեցրած "գլխանոցներ", վրաները՝ ոսկեզօծ խաչեր ասեղնագործած: Իրենք էլ ակնհայտորեն հայ չեն: Սկսում են ժամերգություն: Հայերեն չի: Հունարենի նման չի: Իրենք էլ հույն հոգևորականի հագուկապ չունեն... 

Իսկ եկեղեցու պատերին ամբողջությամբ հայկական սրբապատկերներ են: Անգամ Սբ. Մաշտոցի պատկերը առաջին դասարանի դասագրքերից մեզ հայտնի նկարն է: 

Սբ. Գրիգոր Լուսավորիչ



Քիչ անց դուրս եմ գալիս: Մեռնեմ էլ՝ պիտի ճշտեմ՝ ժամերգությունների լեզո՞ւն են փոխել, ի՞նչ են արել... Ներքևում մոտենում եմ մեկ այլ մարդու: Բարևում ու հարցնում՝ հունարե՞ն են անցկացնում արարողությունները: Վերևում հիմա ի՞նչ լեզու է հնչում:

- Ասորի են, ասորի: Առտու 10-11 հայկական պատարագն է, ետքը 11-12 անոնք կ՛ուգան:

Վախ, ապրե՛ք դուք, մտածում եմ ուրախացած: Ա՛յ էդպես, եղբայրավարի: Ասորիները փաստորեն եկեղեցի չունեն, մերոնք ժամ ու տեղ են հատկացնում նրանց...  



Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles