Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Հովիվը – շատ թույլ ֆիլմ ոչ Նարեկացու մասին

$
0
0

Երեկ ընկերուհուս հետ հայտնվեցինք Սբ. Գրիգոր Նարեկացու մասին նկարահանված «Հովիվը» ֆիլմի պրեմիերային, ռեժ. Արտակ Ավդալյան:

Նախ, երկու խոսքով, սյուժեն:

Ֆիլմը ցույց է տալիս 1011 թ-ին Նարեկավանքի ու հարակից գյուղի կյանքից մի քանի դրվագ:

Գրիգոր Նարեկացին (թափառող, պաթետիկ դեմքի արտահայտությունով, ավետարանական օրինակներով և իր իսկ «Մատյանի ողբերգության» աշխարհաբար թարգմանությամբ խոսող մի համլետ, որին մարմնավորել էր Հ1-ի դժբախտ «Աննա» սերիալի մեջի «Յունիկոմպի» տնօրենը /անունը չգիտեմ էդ դերասանի/) սիրված է գյուղացիների (հավանաբար ռեժիսորի պատկերացմամբ հայոց ռամիկները, մանավանդ էդ կողմերի, դեբիլոտ են եղել, անողնաշար, ու բութ, որն արտահայտվում էր դերակատարների՝ չհասկանալուց ընդմիշտ կիտած ունքերով, կիսաբաց բերաններով ու մշտապես զարմացած հայացքներով) կողմից: Նրան ձեռի հետ (ձեռի հետը վերաբերվում է սյուժեին) գայթակղելու փորձ է անում թագուհու նաժիշտներից մեկը (ոչ անհայտ Անժելա Սարգսյան) ու մի ամոթխած, նամուսով, ազնիվ, խորոտ հարսնուկ: Գեղջավագը (գյուղի ավագ, որը՝ մաքուր ածիլված, բերանը մի կողմի վրա միշտ ծուռ, մի ժամանակվա կոլխոզի նախագահի ու էսօրվա գողականի խառնուրդ էր) և մի քանի վանական հոգևորական (շեշտում եմ «վանական» բառը, քանի որ նրանց  դերակատարները նույնիսկ նորմալ խաչակնքվել չէին սովորել, էլ չեմ ասում, թե որքան անտեղյակ էին եկեղեցու հոգևորականների ինչպիսին լինելուց, մի բան, որ նույնիսկ ես՝ Եվայի ցեղս, ավելի լավ գիտեմ), որոնք մի կողմից չգիտեսթեինչու ատում են Գրիգորին, մյուս կողմից էլ իբր տակն են փորում («չգիտեսթեինչու» և «իբր», որովհետև սյուժեով դա չի «արդարացվում», չի բացատրվում, չի բացահայտվում):


Մի քանի այլ թերությունների մասին:

Բոլորը, նույնիսկ ռամիկները, խոսում էին գրական, խիստ արհեստական աշխարհաբարով, մինչդեռ դեպքերը «ծավալվում էին» Վան-Վասպուրականի թագավորությունում: Ցանկության դեպքում շատ արագ կերպով կարելի էր վերականգնել էնտեղի համով-հոտով բարբառը՝ կարդալով ընդամենը Մահարու «Այրվող այգեստանները», 1-2 հեքիաթ ու խորհրդակցելով բարբառագետ մասնագետի հետ:

Հագուստը՝ բոլորի հագուստը, գյուղացիներինը անգամ տարազ չես կարող անվանել, լրիվ նոր էր, թարմ: Նայողի մոտ տպավորություն էր ստեղծվում, թե գյուղերում մարդիկ ո՛չ կով ու թրիքի հետ են աշխատել, ո՛չ հանդերում, ո՛չ էլ դաշտերում հող են փորել, կանայք էլ տներում գործ չեն արել: Նոր, սիրուն արդուկած, ճռճռան հագուստ էր բոլորի հագին: Ավելին, կանանց հագուստի մեջ կար ինչ-որ երկնագույն կտորով գլխանոց ու նույն երկնագույնով նախշեր: Ես ազգագրագետ չեմ, ես տարազագետ չեմ, ես չեմ ուսումնասիրել մեր տարազը, բայց ես թանգարաններում անգամ էդ երկնագույն դետալը երբեք չեմ տեսել: Հավանաբար, հայոց բնաշխարհում էդ ժամանակներում դժվար կլիներ ստանալ նման երկնագույն, ի տարբերություն ալ կարմիրի, մուգ կանաչի, մուգ կապույտի, ոսկեգույնի և այլնի:

Գեղջավագի մոր գլխաշորի վրա խաչեր էին ասեղնագործված, իսկ հարսի եղունգները՝ ֆրենչ էին արած: լօլ

Նարեկացին իր հերթին ժամանակ առ ժամանակ հայտնվում էր սև ծիծակ կոշիկներով, ու սև տաբատը երևում էր փարաջայի տակից:

Վանք որպես էդպիսին չի ցուցադրվում: Վանական կյանք չկա: Ոնց հիմա կգնաք ու Դսեղի ձորում կգտնեք մի խոնարհված, լքված վանք, ուր մարդ չկա, շարժում չկա, նույն կերպ էլ ֆիլմում: Մեկ էլ կադրում հայտնվում է վանահայրը՝ նստած մի «յուղը վրեն» թավշյա բազկաթոռին՝ առանց աշխատասենյակ հիշեցնող այլ ատրիբուտների՝ կատարյալ դատարկ «սենյակում»: Գեղջավագի տունը նույնպես ազգագրության թանգարանի անհաջող դասավորված սենյակ էր հիշեցնում՝ նոր գործած կարպետները՝ պատերին ու հատակին, սեղանին՝ Վերնիսաժից գնված, երբեք չօգտագործվող սփռոց, գեղջավագի մայրն էլ՝ գլխին խաչերով ծածկոց, հագին արդուկած հագուստ՝ լրիվ թանգարանային նմուշ:

Հիմա անցնեմ բուն թեմայի թերություններին:

Արդեն գրեցի, որ Նարեկացին լրիվ համլետ էր: Չէր կարող Նարեկացու դեմքն էդքան պաթետիկ լինել, Ստանիսլավսկին էլ «չէր հավատա»: Լույս չկար դեմքին, սեր չկար դեմքին, անկեղծություն չկար: Լրիվ ակնհայտ էր, որ թե՛ ռեժիսորը, թե՛ սցենարիստը և թե՛ դերակատարը Նարեկացուն մոտեցել էին որպես գրական կերպարի, ոչ թե որպես իրական մարդու, վանականի, ճգնավորի (ճիշտն այնպես, ինչպես մեր ժողովրդի մեծամասնությունը մինչև հիմա եկեղեցուն դիտում է որպես հուշակոթող և ոչ թե որպես կենդանի օրգանիզմ): Ֆիլմի մեջ տեղ էին գտել այնպիսի անհեթեթ զուգահեռներ, ինչպիսին են 4 օրվա մահացած Ղազարոսի պատմությունը, որ առաջին իսկ կադրից զավեշտալի շարունակությունը գլխի ես ընկնում, ինչ-որ իլիական ու ոդիսական հանգավորված պաթոս, ֆոկուս-հրաշքներ՝ կով է կենդանացնում, աղունիկին վզքաշ է անում, հետո հետ կպցնում, որոնք ֆիլմի մեջ ներառելու իմաստը չես հասկանում:

Նարեկացուն կանչում են «ատյան», երկու լուսնից իջած հոգևորական եկեղեցու ներսում հարցաքընընում են Գրիգորին: «Եկեղեցու ներսում»-ը շեշտում եմ, որովհետև հաջորդ կադրում Գրիգորը ղուշ  աղունիկներ է կերակրում ու հարցերին է պատասխանում:

Հայկական եկեղեցի արգելված է կենդանիներ մտցնել: Դա սրբապղծություն է: Չի թույլատրվում և վերջ:

Նման բան չէր կարող լինել: Իսկ ըստ էս ֆիլմի, վաղվա սուրբն էսօր այնտեղ աղունիկներին կեր է տալիս: (Ես հասկանում եմ, որ փորձել են ֆիլմի մեջ ներառել ժողովրդական բանահյուսության տարրեր, կա նման պատմություն ժողովրդի կողմից կերտված, որ Նարեկացին աղունիկի գլուխ է կպցրել, բայց դա ներկայացնել որպես պատմական փաստ և ներկայացնել էդքան կոպիտ սխալներո՞վ)

Հարցաքննությունից հատված: Վանականներից մեկը հարցնում է զարմացած ու վրդովված.

  • Դու հույսդ Աստծու՞ վրա ես դնում:

Լօլ

Հետո, երբ Գրիգորը ֆոկուս է անում, ու աղունիկի գլուխը հետ է կպնում, վանականները էս հրաշքից զարմացած սկսում են սխալ խաչակքնվել (դե երևի խառնվել էին իրար) ու հավատում են, որ սուրբ է ու անմեղ ու թողնում, դուրս են գալիս: լօլ

Գրիգորը ծնկի է գալիս լուսամուտի դիմաց ու աղոթում՝ թե ների՛ր, Տեր Աստված, իմ թշնամիներին: Էդ պահին վանականներից մեկը հետ եկած է լինում, ու զարմացած ասում է.

  • Դու աղոթում ես թշնամիների՞դ համար:

Լօլ

Սպանում էին նաև գայթակղեցնող, սիրահար կանայք: Դե Անժիկ Սարգսյանն իր ամպլուայի մեջ՝ իմ տղամարդը, ուր է, բերեք... Մյուսն էլ Արփենն էր, իբր սիրում էր, տանջվում էր ու եկել ասում էր դրա մասին: Ախր ո՞նց, ուրիշի հարսը՝ էդքան ամոթխած, կհամարձակվի վանականին սեր խոսոտովանել: Էդ ինչ-որ լյուդովիկյան գլամուռ էր, ոչ թե հայկական իրականություն:

Ի վերջո, ի՛նչ նպատակ ուներ այս ֆիլմը, ի՛նչ էր քարոզում:

Նախ, Գրիգոր Նարեկացուն բացարձակապես կտրել ու առանձնացրել էին եկեղեցուց մինչդեռ Նարեկացին ու եկեղեցին մեկ են: Ասես էդ մարդը ո՛չ ժամերգության է մասնակցել, ո՛չ պատարագի, ընդհանրապես էդ վանքում պատահաբար էր հայտնվել, հանգամանքների բերումով: Մենակ ոչխարի հոտ է արածեցրել, գյուղացիների հետ մի մեծ քար գլորել ու մի ժայռի մեջ Մատյան ողբերգության գրել (A4 ֆորմատի թղթի վրա!!!)

Երկրորդ, ելնելով վերը նշվածից, մեսիջը ու հորդորը ժողովրդին՝ Նարեկացուց կուռք դարձնել, չկապել նրան Առաքելական եկեղեցու հետ, հավատալ, որ նա աղունիկի գլուխ է կպցրել ու բորոտի է սրբել, ուրեմն Նարեկը դրե՛ք գլխներիդ տակ, քսե՛ք ցավացող տեղերին, որ անցնի: Կարդալ, հասկանալ ու Նարեկացու նման խոնարհ ու հնազանդ լինել պետք չի, պարտադիր չի:

Մինչդեռ Հայ Առաքելական եկեղեցին միշտ հորդորում է հրաշքների չսպասել, հրաշքների հետևից չընկնել, այլ մաքրվել, մաքրվել, մաքրվել: Ֆոկուսների սպասելը մարդկանց կհեռացնի Աստծուց, որովհետև մի անգամ մի ստից բանը հրաշք սարքելով ու էդ հրաշքին հավատալով՝ Աստծուն փառք կտաս հրաշքի համար ու կսպասես, որ միշտ հրաշք լինի ու քեզ լավ: Իսկ չլինելու դեպքում, հանգիստ կկորցնես հավատքդ:

Իհարկե, էս ֆիլմի բոլոր կիքսերը, սխալ գաղափարը հատիկ-հատիկ գրելու համար պետք էր թուղթուգրիչով նայել ու հատ-հատ նշել:

Կարևոր է՝

Ֆիլմի նկարահանումը հովանավորել էր Հայաստանի կաթոլիկ եկեղեցին:
Ու հիմա, էսքանը գրելուց հետո, էն, ինչ պիտի ասեմ, ցավով եմ ասում ու փաստում:

Էս ֆիլմով կաթոլիկ եկեղեցին կարծես փորձեր մուռ հանել առաքելական եկեղեցուց: Ունենալով իր պատմության մեջ պապի անսխալականության աբսուրդը, ինկվիզիցիան, փողերի, բանկերի ու աշխարհի քաղաքականության մեջ խառնվելու տխուր փորձառությունը, սա կարծես մի փորձ էր սևացնելու նաև Առաքելական եկեղեցին, ուր հոգևորականները հոգևորականներ չէին, տգետ էին էնքան, որ խաչակնքվել չգիտեին, ամենապարզունակ՝ «սիրեցեք ձեզ ատողներին» էլ չէին լսել:

Իրենցից անկախ, այս ֆիլմը նկարահանելով, նրանք նորից ստիպում են մտածել, որ իրոք բոլոր մյուս եկեղեցիները Հայաստանի տարածքում ու հայերի շրջանում պարզապես զբաղված են հոգեորսությամբ: Ես չէի ուզենա նման կարծիք ունենալ Հայաստանի կաթոլիկ եկեղեցու մասին, հաշվի առնելով, որ Մխիթարյան հայրերն էլ, թեպետ ստիպված, բայց կաթոլիկ էին դարձել: Ես չեմ հավատում, թե Մխիթար Սեբաստացին, Միքայել Չամչյանը, Ղևոնդ Ալիշանը և այլ երախտավորներ, ՄԵԾ ՀԱՅԵՐ ու ՄԵԾ ՀԱՅՐԵՐ, երբևէ կհանդուրժեին նման ծաղր ու ծանակ Նարեկացու հասցեին, նման էժանագին, ցածրորակ ապրանքի արտադրություն (ընկերուհիս շատ ճիշտ բնորոշեց՝ դպրոցի հանդես):

Հանուն ինչի՞ էր սա արված, ու՞մ էր պետք էսքան միջակ, էդ աստիճանի պարզունակ ապրանքը, որ անգամ գեղարվեստական արժեք չուներ, որ ինչ-որ նշանակետի (թեկուզ և վատ) խփեր:

Իհարկե, հետաքրքիր կլիներ մասնագետ կինոքննադատի կարծիք լսել: Իմս միայն հանդիսատեսի է, բայց կարծում եմ, որ շատերը կհամաձայնեն, որ Նարեկացու մասին կոմերցիոն խաղարկային ֆիլմ չպիտի նկարահանվի:



Տեսնես ո՞վ չալարեց, էսքանը կարդաց:)

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles