Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Պահապան արծիվներ

$
0
0
Նվեր էի փնտրում քռչուփալասների խանութներում։ Ոչ մի հարմար բան չկա…

Չկա-չկա, ուղիղ դեպի գրախանութ՝ էս վերջերս Չարենց էի տեսել, շատ մեծ էր։ Տեղ էի գնում, չառա։ Ձեռքի հետ վերցնում եմ նաև Հրաչյա Աճառյանի «Լիակատար քերականություն հայոց լեզվի»՝ համեմատությամբ 526 լեզուների։ Կտրոն չեն տալիս, ես էլ չեմ ուզում… Չեմ հասկանում՝ ինչ կա ամաչելու։

Հասնում եմ հրապարակ։ Պատմության թանգարանի կամարները Մոմիկի մասին են։

- Մեր հայրենիք, մեր հայրենիք, մեր հայրենիք, - մի քանի անգամ զնգում է հրապարակի ժամացույցը։ - Մեր, մեր, մեր, - վերջում երեք անգամ։
Ժամը երեքն է։ Կառավարության դիմացից նոր հնձած խոտի հոտ է գալիս։ Հըմ…

Հրապարակի մետրոն։ Աստիճանների վրա մեկը ակորդեոն է կլկլացնում (ակորդեոն կլկլացնելու շնորհ երևի միայն հայոց ռաբիսներն ունեն) ու քաշում՝
- Դուն կրակ, հագածդ կրակ, որ մէ կրակին դիմանամ…

Ժետոնների վաճառքի կետում, գլխավերևում հայտարարություն եմ կարդում՝ «Պահապան արծիվներ՝ թիկնապահների ակադեմիա»…

Ամբողջ մետրոյով մեկ ցպնած գովազդներին գումարվում է էկրանից հնչող շահող կտրոնի քարոզը։ Ապազգային եմ փաստորեն, մոտ 10 000 դրամի կտրոնս չվերցրի…

Գնացքն է գալիս։
- Զգուշացե՛ք դռները փակվում են, - ամոթխած ձայնով հայտարարում է մի աղջիկ։ Տեսնես ու՞ր մնաց փորձառու ձայնով տիկինն իր սովետական առոգանությամբ։

Մինչև մետրոյից դուրս եմ գալիս, եղանակն արդեն փոխվում է։ Հիմա արդեն քամի է, փոշի։ Սառեց։ Երևի անձրև էլ գա…

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles