Ուշ ժամին նստել եմ երթուղայինի մեջ ու սպասում եմ, որ շարժվի։ Մեքենայից լսվում է գործի դրվող շարժիչի դռդռոցը, իսկ ականջակալներիցս՝ “Cranberries”։
Մի աղջիկ է վազում, որ հասցնի նստել մինչև շարժվելը։
Օպերայի վրայի ժամացույցը ցույց է տալիս անց քսան, իսկ ջերմաչափն արդեն օդի սառնությունն է չափում՝ +8, +4, +1, 0, -1, -10… Քաղաքը դեղնել է փողոցային լույսերից ու աշնանից։
Վերջին րոպեին մի կին էլ է վազում, որ նստի։ Դեմքը մրոտ, գլխին գնչուի լաչակ կապած, ձեռքին մեծ տոպրակներ՝ կեղտոտ շորերով։ Դռան մոտ նստած մի աղջիկ օգնում է նրան։ Կինը նստում է թե չէ, ոչ-կանացի անասելի հոտը սկսում է տարածվել երթուղայինի մեջ։
Չնայած ցրտին՝ աղջիկներից մեկը բացում է լուսամուտը ու սկսում շնչել դրսի օդը։ Հոտն իրոք անտանելի է։ Մեկ այլ աղջիկ փորձում է աննկատ ձևով քիթը փակել օծանելիք բուրող շարֆով։
Ես չեմ փակում քիթս։ Պիտի դիմանամ, որ հանկարծ չերևակայեմ, թե ինչ-որ բանով առավել եմ ինչ-որ մեկից։