մտնում ես երևանյան շոգի մեջ ու սկսում լող տալ կիսագիտակից վիճակում՝ բնազդաբար ճանաչելով ուղղություններդ:
զարմանում ես քաղաքը հեղեղած զբոսաշրջիկների ընտրության վրա: չկա՞ր մեկը էս մարդկանց խորհուրդ տար՝ հեռու փախչել էս արեգակնային հարձակումների ենթարկվող աֆալտ-բետոնից՝ անծառ, անծով, անգետ, անլիճ ու համարյա անշատրվան:
Նալբանդյան-Թումանյան խաչմերուկի շենքի շվաքին ծվարել է ծաղկավաճառ մի կին: տեսնում եմ, որ գունավոր հոտավետ մեխակներից ունի, որոշում եմ վերցնել:
- հես ա, էս չալաղաջներից տամ քեզ:
ու մի տեսակ մեխակները դադարում են մեխակներ լինելուց: գռեհկացել ենք, հաստատ ու ահագին:
բանկի անբարեհամբույր աշխատակիցների դեմքերին ու հերթին նայելով՝ որոշում եմ էնտեղից էլ դուրս լողալ:
ավելի լավ է՝ տուն հասնես: քանի ի վիճակի ես:
քանդած տպագրիչների շենքը, ցեմենտ խառնող ահռելի մեքենաները, փոշին, աղբը, աղբամանների հոտը...
քաղաքի անփառունակ ամառը: