Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Խոսի՛ր, սրբազան

$
0
0
Լռությունը ոսկի է: Հայտնի խոսք է, իմաստուն: Բայց հնացած:

Երևի էն ժամանակ, երբ էս խոսքն ասել են, մարդիկ իրապես զավզակությունից, բամբասանքից ու անիմաստ լայքերից բացի ուրիշ բաներով էլ են զբաղված եղել: Մտածել են իմացել: Վերլուծել: Արժեքներ են ունեցել: Կարողացել են, ի վիճակի են եղել նայել ու տեսնել: Լռությունը լսել ու հասկանալ:

Լռությունն այլևս ոսկի չի համարվում: Ֆեյսբուքում ամենաշատը կարելի է լռելով մի հատ բութ տնկել՝ ի նշան հավանության: Ֆեյսբուքը մեկ-մեկ դիմագիրք են թարգմանում, բայց այն իրականում ավելի շատ անդեմության հավաքատեղի է: Մարդիկ համակարգչից էս կողմ գուցե և դեմք ունեն (դեմք՝ ոչ միայն ֆիզիկական իմաստով), բայց էն կողմ՝ համակարգչից դեպի ներս, դեպի էն վիրտուալ կիսաիրականություն, ավելի շատ անդեմ են (էլի ոչ միայն ֆիզիկապես):

Ու էս անդեմ զանգվածն ինչպե՞ս կարող է հասկանալ լռությունը:


Հետևաբար էսօր լռելն արժեզրկված է: Հատկապես երբ շատ ես լռում: Չէ՛, ավելի ճիշտ էսպես՝ լռությունը՝ իմաստություն, իմացություն, հարգանք, պատշաճություն և այլ դրական բաներ պարունակող լռությունն արժեք է: Միշտ: Սակայն երբ բոլոր դեպքերում ես լռում, թվում է, թե ասելիք չունես: Համատարած զավզակության, էժան բամբասանքի, չարության, չարախնդության հոսքին հակադրելու ոչ մի ճշտմարտություն չունես:

Եւ հետևաբար, եթե մեկ, երկու, երեք լռել ես, լռությունդ չի հաղթահարել զավզակությանը, ուրեմն պետք է խոսել: Խոսել՝ հանգիստ նայելով մարդկանց աչքերի մեջ: Բացատրել, փաստարկել, տեղ հասցնել:

Ես Նավասարդ սրբազանին անձամբ չեմ ճանաչում: Բայց ես նրա խոսքն եմ լսել տարբեր առիթներով: Լսելու ունակություն ունեցողի համար նրա խոսքն ազդեցիկ է: Չափազանց ազդեցիկ:

Թե ինչքան տգեղ են պահում իրենց լրատվամիջոցների որոշ ներկայացուցիչներ, չեմ ուզում քննարկել անգամ: Երբեմն դա իրենց խմբագիրների պահանջն է, երբեմն՝ անձնական մղում ու սովորություն՝ լֆիկ-մֆիկների հետ շփումից ձևավորված, և շատ հաճախ դա ծախվող ապրանք է, հանրամատչելի ու զանգվածների համար ընդունելի ու սրտներին յուղ քսող:

Բայց ես մի բան հստակ գիտեմ՝ մենք բոլորս սահմանի էս կողմում ենք: Բանակն էսօր ընկալելի է ու սիրելի, բանակի օգնությամբ փորձեմ ավելի հստակեցնել՝ ինչ նկատի ունեմ: Մեր զինվորները պաշտպանում են մեզ բոլորիս միասին վերցրած՝ լրագրողներով ու նրանց արտադրանքը սպառողներով, հեթանոսներով ու հավատացյալներով, հոգևորականներով ու նույնիսկ (ես հասկանում եմ, որ անհեթեթ է հնչում, բայց՝) իշխանության ներկայացուցիչներով հանդերձ: Մենք սահմանի էս կողմում ենք, բոլորս միասին:
Հետևաբար մենք պիտի սովորենք իրար մեջ ոչ թե թշնամի տեսնել, այլ ցեղակից: Հեշտ չի, հասկանում եմ: Բայց մենք ինչ-որ մի պահի պետք է կանգ առնենք ու տեսնենք էդ պարզ իրականությունը:

Լայքահավաքության բիզնեսով զբաղվողներին նման բարդ գաղափարը տեղ հասցնելը շատ դժվար է: Նրանք, ինչ խոսք, վիրտուալ կյանքի բարձունքներում լայքեր են հավաքում, գովազդ են վաճառում: Առանց նույնիսկ գիտակցելու, որ վիրտուալը հաճախ ծուռ հայելիների աշխարհ է: Եւ հետևաբար, հայելու էս կողմից վիրտուալի առաջինները վերջին են, նրանց բարձրը՝ ամենացածրն է: Նրանք զոհված զինվորով են լայք հավաքում, զինվորի ընտանիքի վշտով, նրանց այս պահին ինչ-որ վեհ բան բացատրելն անհույս գործ է:

Հետևաբար ես դիմում եմ  վերևին՝ ոչ իշխանական, այլ հոգևոր վերևին:

Սկսե՛ք խոսել, սրբազա՛ն:

Էս վերջերս մեկը, որ բավականին ուսումնասիրել էր էդ օֆշորային սկանդալ կոչվածն ասում էր, որ հստակ երևում է, որ Նավասարդ սրբազանի հասցեին միայն զրպարտանք է հնչում, որևէ ապացույց չկա: Իհարկե, էնպես չի, որ սրբազանը չի ասել, որ դա զրպարտանք է, բայց լրատվամիջոցները չեն ուզում բաց թողնել էդ թեման:

Հետևաբար, սրբազա՛ն, էլի՛ խոսեք, որ չասեն՝ չեք խոսում:

Ես հասկանում եմ, որ Դուք ներում եք նրանց, ովքեր Ձեր հետևից ռեպլիկներ են նետում: Կանայք, որ պիտի խոնարհ լինեն ու երկյուղած, էսօր լաչառավարի ռեպլիկներ են նետում հոգևորականների հետևից: Աստված օգնի: Ես հավատում եմ, որ Դուք իրոք աղոթում եք նաև նրանց համար, թեև երբ Դուք ասում եք, շատերը նախընտրում են չհավատալ դրան:

Ես գիտեմ, չեմ կասկածում, որ իշխանություն-ժողովուրդ ամենալարված պահերին մեր հոգևոր դասը՝ վերևից մինչև ներքև, անհանգիստ է ու ամեն ինչ անում է, որ բախումներ չլինեն: Բայց մարդիկ չեն ուզում տեսնել, չեն ուզում հավատալ:

Հետևաբար խոսել է պետք ու պետք է գտնել լայքազանգվածներին ԽՈՍՔ տեղ հասցնելու ավելի արդյունավետ, նոր մեթոդներ:

Գտե՛ք, սիրելի՛ հոգևոր հայրեր: Քանզի նրանց մեծ մասը չգիտի՝ ինչ է անում, և նրանց էդ ամենը հասկացնելն էլ ձեր առաքելության կարևոր մասն է:



Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles