Վերին Աստված,
Կարմիր արև
Քի օրորեն,
Րուրի լաո...
Կարմիր արև
Քի օրորեն,
Րուրի լաո...
Աչքերդ փակում ես ու տեսնում մուգ կապույտ երկինքն ու հնձած ցորենի դաշտերը: Ոսկեգույն: Ու ցորենը ատամներիդ տակ՝ կպչուն ու ոնց որ հում հաց: Ու ցորենի հոտը՝ խոնավ, ալյուրի պես փշաքաղեցնող: Ամբողջ ամբարն էդ խոնավ հոտն է: Ու հետո հենց հաց դառնա, էդ հացի հոտն ու թոնրի կրակի հոտը: Բայց էդ հետո:
Ու կանայք սպասում են քամոտ եղանակին, որ ցորենը մաղեն ու քամուն տան թեփը:
Փորձած կա՞ս երբևէ:
Հատուկ շարժում է՝ ցորենով լցված մաղը պահում ես ուսերիցդ վեր, քամու ուղղությունը բռնում, որ մեջքիցդ փչի, ու ոչ թե պտույտ ես անում մաղով, այլ մի կողմի վրա կիսապտույտ, կիսապտույտ, կիսապտույտ, ու հետո վերևից ներքև թափում ես ցորենը, ու քամին տանում է թեփը, իսկ ցորենը՝ ծանր ու կարմրավուն, լցվում է ոտքերիդ տակ:
Մայրամուտին արևը դառնում է ցորենի գույն, քամին դեռ խաղում է, ու մինչև մթնշաղ ցորենը մաղվում...
Րուրի լաո...