Թռի-վռի մի ճպուռ,
Ողջ ամառը շուռումուռ
Երևանի ք-պետարանը էս անգամ էլ գարեջրի փառատոն է անցկացրել:
Ձմերուկի ժամանակ ուզում էի մի բան գրել, բայց սուս մնացի: Բայց մեջս արդեն որերորդ տարին նստվածք է տվել ուտելիքը ոտնատակ տալու ու հետո էլ կեղևները Կարապի լճի կողքերը լցնելու բարի ավանդույթը: Ի դեպ, ձմերուկի կեղևը մարդիկ որպես խոզի կեր են օգտագործում, ու քաղաքի կենտրոնում ու ոչ՝ գոմերում, մարդկանց առաջ ու ոչ՝ խոզերի, թափած մնացուկները համապատասխան մտքերն են առաջացնում:
Հիմա էլ գարեջուրը: Խթանիչ ուժն իհարկե զբոսաշրջիկներն են, որոնց համար, խելքից դուրս, ինչ ասես կարող են անել: Իսկ երևանցիներին բարեհաջող կերպով վերածել սպասարկող անձնակազմի: (Սա իհարկե նախկին վարչապետի մուրազ գաղափարներից մեկն էր, որ կյանքի կոչեցին՝ առանց խորանալու, որ վարձը սեփական արժանապատվությունն է: Ես էլ չխորանամ:)
Ամենատհաճն էն է, որ ուտելիք-խմելիքի փառատոն է արվում 30քանի տոկոս աղքատություն ունեցող երկրում: Սրա մասին շատ բան չեմ ուզում գրել, քանի որ մի տեսակ ամոթի զգացողություն պիտի ունենաս էն ավելցուկից, որ փառատոնի ես վերածում:
Հավասարաչափ տհաճ է, որ նման փառատոններ են արվում պատերազմից 5 պակաս գտնվող երկրում, որն ընդամենը երկու շաբաթ առաջ կանգնած էր պատերազմի շեմին, որ էդ կարճ պատերազմում կորցրեց 6 թանկարժեք կյանք, որի գյուղերն ամեն օր կրակի տակ են... Երևի Երևանի ք-պետարանին պետք է տեղեկացնել, որ Երևանն ու այդ գյուղերը մի ընդհանուր պետության մաս են կազմում, ու Երևանն ինչ-որ մի Սան Մարինո կամ Լիխտենշտեյն չի՝ իր անկախ կայֆերով:
Բացի էս ամենից, էսթետիկ տհաճություն ես ապրում մրցույթներից, որ կազմակերպում են նման փառատոնների ժամանակ: Ձմերուկի դեպքում՝ ձեռքները մեջքներին կապած՝ մեծ ու փոքր՝ մռութներով մտնում են ձմերուկի մեջ ու սկսում ուտել: Երևի ով ամենաշատն ու ամենաարագը կուտի: Կամ ով ավելի շատ մռութը կմխտռի, չգիտեմ:
Գարեջրի դեպքում, կադրերից կարելի է ենթադրել, որ մոտավորապես նույնն է՝ ով ամենաշատն ու ամենաարագը:
Ու էդ ամենը երեխաների ներկայությամբ, քաղաքի ամենակենտրոնում, ամենա(կարծեսթե)կուլտուրական վայրում՝ Օպերայի թատրոնի շրջակայքում, օրը ցերեկով, վառող արևի տակ:
Տեսնես ք-պետարանն էդքան խորացե՞լ է, որ մարդիկ էդ շոգին միանգամից հարբելու են ու ընկնեն մարդամեջ:
Եւ այսպես, որո՞նք են նման ոչ էսթետիկ փառատոն անցկացնելու իմաստը, նպատակը: Սուտ, թե սրանով գարեջրագործություն կխթանեն: Սուտ: Պարտադիր չէ ականավոր տնտեսագետ լինել, հասկանալու, որ նման անհեթեթությամբ գարեջրագործությունն ու մանավանդ դրա ավանդույթները օգուտ չեն քաղի: Գերմանական նրբերշիկներն էլ հայկական հինավուրց գարեջրական ավանդույթների պարտադիր բաղադրիչն են եղել, չէ՞:
Տուրիստները՞: Դե լավ էլի: Գերմանիան թողած տուրիստները պիտի գան տժժան Երևանում երկու-երեք սորտի գարեջուր խմելու:
Եւ ի վերջո, ո՞վ ասաց, որ այն ամենն, ինչ անցկացվում է, տեղի է ունենում ու ծլել է Եվրոպայում, պիտի կիրառել Հայաստանում: Ք-պետարանը սենց որ շարունակի, գեյ շքերթներ էլ կսկսի անցկացնել: Ինչ-որ մի ավանդույթ վերածնելու ու արժեվորելու գեղեցիկ նպատակով:
Հա, ու ի դեպ, էս սննդային փառատոնները հիշեցնում են Վանոյի տորթը նույն Կարապի լճում՝ սովի ծաղկման տարիներին:
Ես հասկանում եմ, որ էս բոլոր փառատոնները նաև հայելային արտացոլանքն են քաղաքատերերի գաղափարների, դավանած արժեքների: Բայց ամոթ է, ձեր ավելցուկներն ավելի լավ է տան պատերի մեջ հորեք: Ուտելիքի ու խմելիքի հոտը, տեսքը մի՛ տարածեք սոված երկրի չարդարացված ճոխ առօրյայում: