Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Սբ. Ծնունդից առաջ

$
0
0
Վերջերս իմացա, որ Աղվերանում՝ հանգստյան տներից մեկում, նոր տարվա փաթեթն արժի 400.000 դր: Որակ, անձերի/օրերի քանակ, նոր տարվա սեղանի ճոխության աստիճան, այսպես կոչված շոու՝ մանրամասները չգիտեմ: Էական չեն:

Նախ, երբեմն էնպիսի տպավորություն է, թե էսօրվա մեր ժողովրդի մի մասը շոուով է ծնվել ու մոր կաթի հետ շոու է ստացել. առանց շոուների մարդիկ իրենց կյանքը չեն պատկերացնում: Անգամ երեխաների կնունք-ծնունդներին ռեստորաններում "շոուներ" են հրամցնում՝ արաբա-թրքական բաց պորտերով կամ լավագույն դեպքում այսպես կոչված լատինամերիկյան պարերի տնազներով:

Երբեմն նաև էնպիսի տպավորություն է, թե ճոխությունը հայկական դիցարանի գլխավոր աստվածությունն է եղել: Մոռացվել են ընդամենը մի քանի տարի առաջվա համատարած սովն ու ցուրտը: Էսօր յուրաքանչյուրը ձգտում է ապրել էնքան ցոփ ու շվայտ, ինչքան պատերազմի տարիների չտես դիակապտները, որ կենդանաբանական այգուց եղնիկի միս էին ուտում ու կարապի լճի տարածքում ճոխ ու հնացած տորթ էին թխում սոված ժողովրդի համար:

Երբեմն, նայելով մեզ կողքից, տպավորություն եմ ստանում, թե ամեն օր ազգովի մեր վերջին օրն ենք ապրում, վերջին վայրկյանները ու հոգեվարքի մեջ ուզում ենք հասցնել էս էլ անել, էն էլ, էն մեկն էլ...


  Մարդն իրոք պետք է ապրի իր ամեն օրն՝ ասես վերջինը, բայց ոչ թե որ էս շորն էլ հասցնի հագնել, էս մի չալաղաջն էլ խեղդել, էն հեռախոսն առնել, այլ, որ ամեն րոպե ու ամեն վայրկյան մտածի իր ապրած կյանքի մասին, աշխատի իր վրա, հասցնի ուղղվել... Սա ես չեմ ասում, այլ եկեղեցու հայրերը: 

Փոխարենը մենք շատ ենք սիրում միստիկական գաղափարներով տարվել՝ աշխարհի կործանում, սատանայի նշան, 666 կամ 999 ու էլի չգիտեմ թե ինչեր: Մինչդեռ կարծես թե շատ բան մեր ներսից է գալիս: 
Հայր Ղևոնդի մոտ կարդացի, որ էդ 666-ը գրաբարում համապատասխանել է մի պարզ նախադասության՝ "Ուրանամ կամաւ զԱրարիչն երկնի եւ երկրի", ու հիմա մտածում եմ՝ արդյո՞ք մենք մեր կենսակերպով չենք ուրանում երկնքի և երկրի Արարչին: 

Չգիտեմ՝ ինչի ենք անհայտ մի մեկի մեջ փնտրում նեռին, եթե մենք ամեն օր կարող ենք մեր կյանքով հանգիստ ուրանալ Տիրոջը: Չգիտեմ՝ ինչի ենք սպասում աշխարհի վերջին՝ ըստ մայաների, թե ըստ Հայտնության գրքի՝ կարևոր չի, եթե մենք մեր ապրելակերպով գնում ենք դեպի վերջ, գոնե ինքներս մեր ու մեր աշխարհի...

Սբ. Ծնունդից առաջ պահք է: Երևի թե, որ հիշենք Քրիստոսին, հիշենք ոչ թե հունվարի 5-ի երեկոյան մոմերն ու հաջորդ օրվա օրհնված ջուրը, այլ Աստծուն՝ ամեն ավելորդ ծախսն անելուց առաջ՝ լինի խոզի բուդ, թե անանաս, որ տոնածառից հետո երկրորդ պարտադիր զարդն է դարձել հայոց տներում: Չգիտեմ, էլ ո՞նց կարելի է "ուրանալ կամաւ զԱրարիչն երկնի եւ երկրի", եթե ոչ մեր ժողովրդի մի ստվար մասի սովի ու թշվառության կողքին նոր տարվա ճոխ սեղան փռելով ու Սբ. Ծնունդի մասին մոռացած՝ շոուներով հրճվելով... 

Էս երգը լավն է, դառը ու սիրուն հեքիաթի փոխադրումը: Ոտաբոբիկ, մրսող ու սոված երեխաներ մեր կողքին կան: Շատ կան... Երևի ուղղակի պետք չի աչք փակել ու չտեսնելու տալ... Գոնե հանուն Սբ. Ծննդյան








Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles