Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Ազատամարտիկը

$
0
0
Սեպտեմբերի ցերեկվա վառող արեւի տակ՝ ընկերոջս հետ օպերայի բակում նստած սպասում ենք Միշա Եգանյանին:

Արդեն մի ժամ է՝ ուշանում է: Տավուշից է գալիս Երեւան: Գումար ունեմ փոխանցելու իրեն: Ռուսաստանաբնակ մի խումբ երիտասարդներ որոշել են ինչ-որ գումարով օգնել, որ տան շինարարությունն առաջ տանի: Մինչև հիմա տանիքը կապած չի:

Վերջապես մեքենան բերում է: Հանդիպման վայրը բացատրելիս լարվում էի. չկորե՞ն հանկարծ: Էսինչ խաչմերուկից ա՞ջ, թե՞ ձախ… Իմ խառնած աջուձախերն էլ մի կողմից…
 
… Դուրս է գալիս Միշան: Ազատամարտիկները երեւի բոլորը պետք է հաղթանդամ լինեն… Փոքր-մոքր է, կենսուրախ՝ ինչպես հայ ձմեռ պապի ֆիլմում: Համագյուղացին, ով բերել է, գործով էլի ինչ-որ տեղ պտի գնա, մեզ է «հանձնում» Միշային, մի քանի անգամ ճշտում ենք՝ որտեղ ենք լինելու, որտեղ ենք հանդիպելու:
Նստում ենք նստարանին: Ես հանում եմ գումարը, հաշվում եմ, տալիս իրեն: Ու ասում, որ կարիք կլինի մի ստացական գրել:
-    Հա, գրեմ,- պատրաստակամ ասում է Միշան:
Աջ ձեռքը չկա: Առաջարկում եմ ես գրել, իսկ ինքը ստորագրի: Կարդում եմ տեքստը՝ «Ես՝ Միշա Եգանյանս, էսինչյան էսինչից էսինչ օրը ստացա էսքան գումար…»
-    Որի համար ստորագրում եմ, - ավարտում է նախադասությունը ու գլխով հաստատում, թե՝ գրի:
Գրում եմ: Տալիս եմ: Ստորագրում է:



Սկսում ենք հարցուփորձ անել:
-    Շարժման առաջին օրվանից մասնակցել եմ: 30 տարվա վարորդ եմ: Էն օրերին քշում էինք Բաքու, Կիրովաբադ: Վիրավորվել եմ 1990թ. օգոստոսի 20-ին: Արամոյի (Թորգոմյան Արամ) «Տիգրան Մեծ» խմբում եմ եղել: Ղազախի սահմանին: Բաղանիս գյուղից սկսած Ոսկեպար, Իջեւանի Գետաշեն, Վազաշենից մինչեւ Բերդ…
Թուրքերից մաքրել են հողը:
Զանգ է գալիս հեռախոսին:
-    Հա, բալա՛: Հա՛սել եմ: Հա, չե՛մ կորի, չէ, չէ…
Շրջվում է մեզ՝
-    Հարսս էր: Ասում ա՝ պապ, չկորես հանկարծ: Ի՞նչ կորել: Ես պատերազմից հետո մի ձեռքով իմ մեքենան քշելով քանի՜-քանի՜ անգամ եմ եկել Էրեւան…

-    Քանի՞ երեխա ունեք, Միշա՛:
Կինը նոր է մահացել:
-    Չորսը տղա: Երկուսը զինծառայող են: Փոքրիս հետ եմ ապրում: Հարսս շուտով պիտի ծննդաբերի: Առաջին աղջիկ թոռանն ենք սպասում, - ու ժպտում է: - Տեսնենք լա, էդ փոքր երեխու հետ էդ տնակում ոնց ենք անելու…

Հետո ոնց որ փորձի արդարանալ՝
-    Ես ինչ արել եմ, իմ երկրի համար եմ արել, իմ հայրենիքի, իմ ժողովրդի, իմ տան: Ուզեի, ես էլ կթալանեի, հիմա լիքը փող կունենայի: Բայց ես սիրելով եմ արել:
-    Ո՞նց եք վիրավորվել, - հարցրեց ընկերս:
-    Բաց տարածքում մեքենայիցս պտի դուրս գայի, սնայպերը առաջին անգամ որ խփեց, մենակ աջ ձեռքիս մատները ցրեց: Հետո մի հատ էլ խփեց, էս աջ թեւս, կրծքավանդակս չկա: Հետո մի հատ էլ կպավ աջ ոտքիս… Հիմա մատները չեմ զգում… Շոկի մեջ ընկած առանց հասկանալու դեպի թուրքի կողմը սկսեցի գնալ: Թուրքերը ինձ բռնեցին: Արդեն 1.5 կմ տարել էին, ես էլ ուժասպառ էի եղել, ձայնս դուրս չէր գալիս, թե մերոնց կանչեի… Հետո վերջին ուժով ինձ հավաքեցի ու ձայն տվեցի մերոնց: Եկան ինձ ազատեցին: Մարդ ավելի լավ ա մեռնի, քան թուրքի ձեռը ընկնի…
Բժիշկներն իրոք հրաշք էին գործել: Էդ վիճակում, էդ պայմաններում:
-    Հետո էլ մի ձեռքով սեփական մեքենաս քշելով՝ դիրքեր սնունդ եմ տարել…
Համագյուղացին է զանգում: Հետ է եկել արդեն: Մեքենան հեռու կանգնեցրել է, ոտքով եկել, որ Միշան հանկարծ ստիպված չլինի մենակ հասնելու մեքենային: Իհարկե, հակառակ դեպքում մենք կուղեկցեինք, բայց որոշել էր անձամբ: Հոգատար է շատ:
-    Դե, շնորհակալություն շատ, - ասում է ու ձախ ձեռքը մեկնում, որ ձեռքս սեղմի… Ես էլ եմ ձախս տալիս… - Արմինեին էլ կբարեւեք: Ի՜նչ աղջիկ ա Արմինեն:

-    Մենք ենք շնորհակալ: Մենք ձեզ բոլորիդ պարտական ենք: Ու տղաներն էլ պարտքի ու շնորհակալության խորը զգացումով են փորձել ձեզ օգտակար լինել: Բարի ճանապարհ:

-    Շնորհակալ եմ… - ժպտում է, ու անցնում են փողոցը:

Ինքնավստահ, փայլուն ու պսպղան Երեւանի սպառողական հասարակության արանքներով անցնում-գնում է պատերազմի վետերանը՝ փոքր-մոքր, աչքի չընկնող արտաքինով: Նրա կողքով հոսող քաղաքային զանգվածը ոչ գիտի, ոչ էլ երեւի պետքն է, որ Միշա Եգանյանն է, հետ է դառնում Իջեւանի իր գյուղը, որ շարունակի տեր կանգնել իր հողին, տանը, հայրենիքին…




    

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles