Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Գուրգեն Մահարի, Այրվող Այգեստաններ

$
0
0
Կարդացի վերջացրի։
Որպես գեղարվեստական գործ չէի ասի, որ շատ արտառոց բան է։ Պահեր կան Վանի նկարագրություններով՝ սիրուն էնքան, որ սկսում ես գիտակցել ու մեջդ կրել էդ քաղաքի պատկերը, բայց ընդհանուր առմամբ տպավորությունս այն էր, թե միտքն անընդհատ կտրտվել է։ Ժամանակները (զուտ քերականական առումով) անընդհատ խառնվում են։ Չգիտեմ, ես իհարկե գրաքննադատ չեմ ու գրականագետ, ընդամենը իմ զգացողություններն եմ ներկայացնում։ Ի դեպ, սա ամենաամբողջական հրատարակությունն է։ Սովետի տարիներին բազմիցս ստիպված է եղել փոփոխել, կտրտել, շատ չշեղել կուսակցական գծից և այլն։ Էս հրատարակությունն ամբողջությամբ մեկնաբանություններ ու բացատրություններ են։

Կերպարները մեծամասամբ իրական են։ Սկսած այնպիսի պատմական դեմքերից, ինչպիսիք են Արամ Մանուկյանը, Վռամյանը, Արմենակ Եկարյանը, Փանոս Թերլեմեզյանը, հենց Մահարու բարեկամները, այդ թվում նաև Վարդան Աճեմյանի ընտանիքը, Աղասի Խանջյանի ծնողները, մինչև շարքային վանեցիներ…

Գրքից հստակ երևում է, որ Մահարին չի սիրել դաշնակցականներին՝ Արամին, Վռամյանին ու Իշխանին։ Ունեցել է լուրջ պատճառներ։ Հորը սպանել են տվել դաշնակցական էդ գործիչները։ Մահարու քեռու ձեռքով։ Դաշնակցականների հանդեպ հակակրանքը շատ ակնհայտ է, բայց ընդհանրապես առողջ անվստահություն կա կուսակցականության, բաժանվածության, մշտական իրարմիսկռծոցու հանդեպ։ 

Ընդհանրապես, գիրքն ընթերցելու ընթացքում անընդհատ հանդիպում ես անուղեղ, չհաշվարկված, իմպուլսիվ ու սխալ քայլերի շարքին։ Փոքր Վանում՝ երեք քաղաքական կուսակցություն, անվստահություն, կասկածամտություն, հայերի ձեռքով հայերի չմտածված սպանություններ… 

Անընդհատ ուղեկցում է նաև հայի՝ ինդիվիդուալիստ լինելու փաստը։ Ընդհանրապես, Օհանես Մուրադխանյան գլխավոր կերպարի մեջ նստած է շարքային առևտրական հայը՝ հիմնականում միայն սեփական կաշվի ու բարօրության մասին մտածող, անտարբեր, ոսկին հորող… Չէի ասի, որ դա համատարած ազգային գիծ է. բայց կարդալիս զգում ես, որ սովորական կերպար է նկարագրված։

Մահարու էս գործը մի շարքի մեջ են դնում Չարենցի «երկիր Նաիրի» ու Բակունցի «Կյորես» (Գորիս) ստեղծագործությունների հետ։ Երկրորդը չեմ կարդացել։ Գտնել է պետք։

Մի խոսքով, կարդալ հաստատ արժի՝ դասգրքի պես, սերտելով, սխալները հանելով, քննելով, պատասխաններ ու լուծումներ գտնելով, որովհետև, ամեն հայի արյուն ու կյանք թանկ է։ Իհարկե, միամտություն է մտածել, թե պատերազմը վերջացել է։ Կռվի դաշտ, դիվանագիտություն, թե շարքային հայի ամենօրյա կյանք՝ ամբողջը գոյության կռիվ է ու կենաց-մահու պատերազմ։

Ցավոք դեռ երկար կտևի…   

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles