Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Քանի կառավարությունում աշնանային սրացում է,

$
0
0
պատմեմ ինչ ապրումներ ունեցա ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը կարդալիս։

Ակնածանքի ու հրճվանքի արցունքներն աչքերիս կարդացի 64 էջանոց բարեմաղթանքները՝ կապված Հայաստանի ու հայության պայծառ ու ուսյալ ապագայի հետ։

Խոստովանեմ, որ մոտս ներքին լարվածություն էր առաջանում ամեն անգամ, երբ հանդիպում էի «արմատական բարեփոխումներ» արտահայտությանը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ցանկացած արմատական բարեփոխում նշանակում է արմատահան արված համակարգ։ «Բարեփոխում» բառից չխոսեմ։

Նշեմ նաև, որ հիացմունքախառը անորոշ տագնապ եմ ապրել ամեն տեսակի առեղծվածային «Միացյալ Նահանգների զարգացման գործակալության կողմից օժանդակվող «Կրթություն - 2015», Համաշխարհային բանկի ֆինանսավորում, Բոլոնիայի գործընթաց, Կոպենհագենի պայմանա/հռչակագիր, ՄԿՈՒ, ՄՀՀ, ԽՄԿԿ և այլ հապավումների հանդեպ։

Իսկ ընդհանրապես ասեմ, կարդում ես, տեսնում ես ընդհանուր ինչ-որ գաղափարներ, 99 տոկոս մասնակցություն կրթական գործընթացին, մանկավարժների վերապատրաստում, հայապահպանություն, սփյուռք, ինտեգրում և այլն, բայց չես տեսնում՝ ինչպես, կոնկրետ ինչ քայլերով են պատրաստվում գրվածները կյանքի կոչել։ Միգուցե ծրագիրը հենց էդպես էլ լինում է, իսկ քայլերն արդեն առանձին փաստաթուղթ են, չգիտեմ։ Սակայն կարդալ սիրուն բառեր ու չտեսնել՝ ինչպես ու ոնց, մի քիչ դիսկոմֆորտ է առաջացնում, ինչ խոսք։ 

Ասեմ, որ աչքի են ընկնում համակարգիչներով, ինտերնետով ապահովում, նոր տեխնոլոգիաների կիրառում դպրոցներում արտահայտությունները։ Անկեղծորեն՝ չեմ հասկանում ինչով պետք է ինտերնետի առկայությունը դպրոցում (պատկերացնում եմ ինչպես է լինելու էդ ապահովումը՝ մի - երկու համակարգիչ ու սենյակը փակի տակ, բանալիներն էլ ուսմասվարի մոտ, կամ մուտքը ծանոթով…)։ Ի՞նչ է տալու ինտերնետը դպրոցում կրթության որակ ավելացնելու հարցում։

Վստահ եմ, որ էդքան գումարները, որ գնալու են փող լվանալու ու տակով անելու վրա, ավելի արդյունավետ կարելի էր օգտագործել քիմիայի, ֆիզիկայի լաբորատորիաներ, փորձասենյակներ ստեղծելու համար, օրինակ։ 

Գտնում եմ, որ «հանուն պայծառ հայրենիքի» ու նմանատիպ արտահայտություններով ծրագիրը լցնելը պաթետիկ էսթետիզմ է ավելացնում, սակայն ոչ մի հստակ պատկերացում չի տալիս բարոյական ու հոգևոր դաստիարակության մասին։ Գամ էլի համակարգիչների վրա ծախսվելիք գումարներին։ Էդ գումարները կարելի է ծախսել Երևան-մարզեր դպրոցների միջև կապեր ստեղծելու վրա, որ երևանցի երեխաներն, օրինակ, գաղափար կազմեն իրենց տարեկիցների մասին, ընդհանրապես նրանց գոյության մասին, ինչպես նաև այցեր կատարվեն քաղաքներ ու գյուղեր, հայտնի գրողների, երաժիշտների թանգարաններ, եկեղեցիներ՝ Դսեղ, Գյումրի, Վանաձոր, Արցախ, Գորիս… Որպեսզի երեխաների համար հայրենիքի գաղափարը ոչ միայն թղթի վրա լինի, այլ շոշափելի։ 

Հաջորդը, նշվում է միջին մասնագիտական հաստատությունների մասին։ Ո՞ր մասնագիտություններով՝ բուժական գործ, ուրի՞շ։ Գործարան ունե՞նք, որ հազար տեսակի բանվորներ պատրաստեն, կոշկակակարնե՞ր, կարողնե՞ր, գործողնե՞ր, պայուսակագործնե՞ր… Ի՞նչ որակավորումների մասին է խոսքը…

Բառ անգամ չկա նաև ֆիզիկական դաստիարակության մասին։ Արդյո՞ք դա չի մտնում կրթության գործընթացի մեջ։ Կրկնվեմ՝ ինչի՞ համար համակարգիչներ, եթե կարելի է կարգին սպորտային դահլիճներով ապահովել դպրոցները։

Եվ վերջում, էջ 42 «գերազանցության կենտրոններ» - ի՞նչ են դրանք, ու՞մ համար, հանուն ինչի՞։ Ինչ-որ մեկը գիտի՞։ 

Ու ամենա-ամենավերջում՝ ինչ էլ անեն, ոնց էլ անեն, ուզում են ոսկու սարեր սարքեն ու դնեն աշակերտների ու ուսանողների դիմաց՝ որպես պայծառ ապագայի գրավական, հայոց լեզվին կպչող կառավարությունն ինձ համար անապագա, գորշ լուզեռների հավաքածու է։ Երկու կարծիք էստեղ ինձ համար չկա։

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles