պարտադիր կարդալու զրույց
- -Պատերազմը փոխե՞ց Ձեզ:
- Այո՛, իհարկե: Ամեն օրն է մարդուն փոխում, էլ ուր մնաց պատերազմը: Զոհվածների միջով ես քայլել, ո՞նց կարող է պատերազմը չփոխի քեզ: Պատերազմը սմբակի նման խփում է ուղեղիդ մեջ, ու այն այլևս երբեք չես կարող հանել ուղեղիցդ: Պատերազմից հետո շատ դժվար է բնականոն կյանքին անցնել: Լրիվ ուրիշ աչքերով ես նայում աշխարհին: Թվում է՝ քեզ ոչ ոք չի հասկանում, ու իրականում իսկապես քեզ ոչ ոք չի հասկանում: Այդպիսի փուլում բոլորն են հայտնվել: Այսօր էլ բանտերում ազատամարտիկներ կան: Ոչ ոք նրանց հետ հոգեբանական աշխատանք չի տարել: Ոմանց քթից վառոդի հոտը դեռ դուրս չի գալիս, ուզում են այդ հոտը նորից շնչել: Պատերազմից վերադառնալով՝ նրանք այդպես էլ չադապտացվեցին այստեղի կյանքին, մնացին չհասկացված: Այդ պատճառով էլ անջրպետ առաջացավ նրանց ու հասարակության, նրանց ու իշխանությունների միջև: Իրականում դժվար է նրանց հասկանալը: Մարդ կա՝ ասում է՝ ինչո՞ւ պիտի աշխատեմ, ես կռվել եմ: Հայաստանում նման հոգեբանական խնդիրներով մարդկանց հետ որևէ աշխատանք չի տարվում, մինչդեռ պետք է այդ տղաներն անցնեին ադապտացիոն փուլեր: