Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

ծաղրանկարների մասին

$
0
0
Ուզենք, թե չուզենք, ծաղրուծանակը գնալով շատանալու է:

Հասկացե՛ք, ժողովուրդ ջան, եթե 20-րդ դարում ընդամենը գիրն էր դառնում զանգվածներին հասանելի, էսօր ամեն սորտի մարդ՝ տաղանդավոր, թե անտաղանդ, հումորով, թե տափակ ու ամենաշատը՝ միջակ կարողությունների միջակ արարածները, իրենք իրենց են հասանելի դարձնում բոլորիս համար:

Ուզես, թե չուզես, էսօր մարդկանց, ում մասին դու հանգիստ կարող էիր առանց իմանալու կնքել մահկանացուդ, մեկ էլ ճանաչում ես: Շատ հաճախ՝ անկախ քեզնից: Մեկնաբանում են, լայքվում են... Հաճախ ընտանիքներով-բան... Ու սրանից երևի թե արդեն պրծում չկա:

Ու էս ամենի հետ մեկտեղ ավելանում են գռեհկությունը, ծաղրուծանակը, անիմաստ ու դատարկագլուխ խոսակցությունները...

Էսօր տգիտությունը ավելի մարտնչող է դարձել: էդ նույն հասանելիության շնորհիվ: Ճիշտ է, գիտելիք ստանալն էլ է հեշտացել, բայց քչերն են սիրում գիտելիք ստանալ: Եթե երեկվա տգետը կարող էր բակում նարդի գլորելով էշ-էշ դուրս տալ, ապա էսօրվա տգետը կարևոր կարծիքներ է հայտնում ի տես աշխարհի: Տեսածը շատանում է, գիտելիքը, հասկացածը, մտածածը՝ մնում նույն ցածր մակարդակին: Կարդալու, իմանալու, սովորելու հավես չկա, տգետը իր խղճուկ ու տափակ մտքերը որոճալով՝ իր դատարկ ու անիմաստ կյանքին սոցցանցերի միջոցով ինչ-որ իմաստի խաբկանք, պատրանք է հագցնում ու էդպես կարևոր-կարևոր գոյատևում՝ քոմենթից լայք, լայքից քոմենթ:

Մի 2 -3 շաբաթ առաջ տգետ համացանցը ծաղրեց իր այգին օրհնած գյուղացուն՝ էս ամենն անվանելով խավար միջնադար ու դատարկ գլխով չհասկանալով, որ եթե տնօրհնեքը կամ այգու օրհնեքը միջնադար է, ապա իրենց երեխաների կնունքներն ու իրենց այդքան լայքված պսակներն էլ նույնքան միջնադար են: Ճիշտ էդքան, ուղիղ էդքան: Ու քանի որ տգիտությունը մարտնչող է, տգետ համացանցը նեղություն չի քաշի էդ պարզ համեմատությունն անելու համար, նեղություն չի քաշի պարզելու համար, որ էդ կարգի ծեսերը հավատցյալ մարդկանց համար նորմալ բաներ են: Ոչ մի արտառոց բան չկար եղածի մեջ:
Հա, տգետները նաև էնքան տգետ են, որ հենց կարդում են, լսում են Առաքելական եկեղեցի, ասում են՝ ինկվիզիցիա, վառել-մառել... Այ էդքան տգետ են: Բայց մարտնչող են:

Հիմա էլ Ոտնլվայի արարողությանն է կպել ինչ-որ մի կիսահայտնի մեդիառեսուրս, որ գցել-բռնել է, որ Հայաստանում շառլիէբդոյի նիշը (niche) դատարկ է մնացել հենց իրենց համար: Շամշյանինը զբաղված է: Նորմալ ռեսուրսի համար որակներ են պետք, որ չունեն, ու երևի հավակնում են սկանդալային դեմքության ու ամեն առիթով ու անառիթով որոշել են բոլորին կպնել: Իսկ կպնելու լավագույն թեմաներից մեկը եկեղեցին է ու խավար հավատացյալությունը, ինչպես նաև Ոտնլվայի սպունգը: Դե ինչի՞ էդ արարողության մեջ խորհուրդ տեսնեն, ինչի՞ դրա մեջ խոնարհում տեսնեն...
Հենա ծամոնը ճըտտացնելով կղժժան, լայքեր կհավաքեն...

Հիմա էսքան ասածս ինչի՞ մասին էր: Նրա մասին, որ ըստ իս պետք է սովորել էդքան բուռն չարձագանքել ու նման միջակություններին չօգնել, որ դառնան հայտնի, այսինքն՝ չօգնել, որ իրենց ուզածին հասնեն: Երևի մի անգամ ասել էն #ժըսյուիշառլի ու հավատացել են դրան:

Պետք է սովորել կողքով անցնել, ոտների փոշին թափ տալով կամ «Աստված օգնի» ասելով: Մնացյալն իրենց ուզածների ցանկում կա:




Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles