Նախաբանի փոխարեն հայտնի առակը՝
ԽՈԶՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ
Մի դարաւոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտւեց,
Որ ցած ընկաւ ու փռւեց:
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
- Ի՞նչ էս անում, այ անգէտ, -
- Ագռաւն ասաց վերեւից: -
Խա՞ղ էս անում ծառի հետ,
Կչորանա արեւից:
- Չորանում է` չորանա,
- Ինձ ի՞նչ օգուտ` զօրանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
- Այ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի`
Իր կոյր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հիւթալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի, -
Ագռաւն ասաւ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին:
Մենք ապրում ենք խոզերի դարաշրջանում: Իրենց պետք չի արմատ, որ՛տև իրե՛նք արմատներ չունեն: Իրենց պետք չի պատմություն, որ՛տև իրենց պատմություններն արժանապատիվ չեն, մարդկայինի հետ երևի կապ չունեն:
Ես չգիտեմ, չեմ պատկերացնում էսօրվա բետոնի մեջ մեծացող երեխաները էս բետոնապատ անդեմ Երևանի ինչն են սիրելու, ինչի համար են կռվելու ու ինչն են ափսոսալու... Չեմ պատկերացնում:
Միգուցե անճոռնի շենքերն արդեն իրենց աչքին սիրո՞ւն երևան կամ պարզապես իրենք սովորե՞ն դրանց ու, որպես իրենց մանկության խորհրդանիշեր, փայփայեն էդ անճոռնիությունները, դրանց համար կռիվ տան, բայց իրենք էլ երբեք չեն շնչի ԷՆ Երևանի ԷՆ օդը, չեն պատկերացնի, որ Երևանը կարող էր լինել նաև բակից բակ, դալանից դալան, հարևանների դարպասից դարպաս բացվող ծուռումռտիկ ճամփեքով, հին ու մին շենքերով քաղաք, որի մեջ մի տեսակ հավասարություն կար, թեկուզ սոցիալիստական փուչ ժամանակների խորհրդանիշ հանդիսացող, բայց համընդհանուր հավասարություն:
Էսօրվա Երևանը բաղկացած է ոչ թե կենտրոնից ու հեռու ու մոտիկ բնակելի թաղերից, այլ յուղոտ, չալաղաջ պատառներից ու մնացած «հավայի» մասերից: Էսօր ես ամեն մի քնձռոտ շուկայի, կրպակների ու գառաժների տարածքին արդեն սիրով եմ նայում, որ՛տև դրանք ոչ թե կառուցապատվելու ու կոկիկանալու են ենթակա, այլ քանդվելու ու տեղները մի 200-300 բնակարանանոց շենքեր ճխտելու:
Էն, ինչ էսօր դարձրին Երևանը ոչ հին է, ոչ նոր, ոչ գլամուռ է, ոչ չգլամուռ, ոչ էլ արդեն նույնիսկ տուֆից է ու վարդագույն: Երևանն էսօր ոչինչ է, ոչմիբան՝ իր էս ժամանակավոր տերերի պես անդեմ ու աննպատակ:
Ու հերթական անգամ սրանք քանդում են արժեքավորը ու տեղը դնում պուլպուլակ՝ 2800-ամյակի այգու թե ինչ-որ մի էդ կարգի անհեթեթության տեսքով:
Ու էս որ էսքան էլ գրում-մրում ենք, գնում հասնում են բութ պատին ու թափվում, որ՛տև ոչ լսող ականջ կա, ոչ էլ հասկացող գլուխ: