$ 0 0 Բոլորն էլ ուզում են, որ իրենց երեխաներն ունենան իրագործվելու լավագույն հնարավորություն: Նույնիսկ նրանք, ովքեր մոլորված են հարաբերական սկզբունքների անորոշությունների մեջ և սեփական կյանքը դարձրել են փորձադաշտ, իրենց հոգու խորքում չեն ուզում, որ իրենց երեխաների կյանքը դառնա փորձադաշտ: Դրա հավանականությունը բավականին մեծ է, քանի դեռ մեզ շրջապատում են կեղծ արժեքների որոգայթներ և «լավ կյանքի» խաբկանքներ: Եթե հաճոյամոլությունը և նյութապաշտությունը քարոզվում են ամեն քայլափոխի և դառնում հասարակության իդեալ, ապա այդ հասարակությունը չի կարող սահմանել բարձր նպատակներ և շարունակելու է մասնագիտական միջակության և բարոյական խեղճության վերարտադրությունը: Հանձնվելը և համակերպվելը «ունենք այն, ինչ ունենք» բանաձևին համազոր է մահվան: Միակ ճանապարհը ոտքի կանգնելն է, սեփական հիմքերն ամրապնդելը և ժամանակակից մարտահրավերների պայմաններում ճիշտ արժեքային շեշտեր կատարելը, որպեսզի մեր երեխաների համար հստակ ճանապարհ հարթենք:տեր Մեսրոպ քահանա Արամյան