Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

քաղաքային

$
0
0
Արտակարգ եղանակ է: Արև, կապույտ երկինք, ձմեռվա ցուրտ:

Հա, Երևանը տխուր տեսք է ստանում էս անցումային եղանակներին: Ծառերը գորշանում են, կեղտոտվում, շենքերը՝ մրոտվում: Աշխատանքային օրով քաղաքը վազքի մեջ է, փողոցները՝ խցանումներով խեղդված, մայթերը՝ մարդկանց ոտքերով տրորված:

Երիտասարդականի անցումի մի փոքր կտորն է մնացել՝ կիսաքանդ, անխնամ: Դե բնականաբար: Հարուստ տերերը շուտով, էն մի մասի հարցերը լուծեն, էստեղ էլ վերջում մետաղապլաստիկից ու մետլախից ինչ-որ բան կսարքեն: Գրքերն իհարկե էլ չեն լինի: Գրապահարանները չեն լինի, կարդացած ու կարդացող գրավաճառները:

Չգիտեմ, երաժիշտներին կթողնե՞ն, որ նվագեն էս անցումներում: Մանավանդ էս մեկին: Քաղաքի հայտնի "Վիսոցկուն", որ անհասկանալի ձայներ հանող կիթառի տնազ է նվագում ու իբր Վիսոցկու երգեր երգում: Շրթունքները առաջ բերում, փնջի պես հավաքում ու հըբի-բի-բի-բի: Շատ երկար պիտի կանգնես կողքն ու լսես, որ հասկանաս՝ ո՛ր երգն է երգում: Ավելի շատ ձայներ է հանում, քան բառեր ասում ու երաժշտություն արտաբերում: Հըբի-բի-բի-բի: Ժպտում եմ անկախ ինձնից, մանրադրամ դնում ու անցնում առաջ:

Տրանսպորտի մեջ դիմացս մի կին է նստած: Ուշադիր զզնում է ինձ: Ժամանակ առ ժամանակ նայում եմ աչքերի մեջ, որ հայացքը թեքի: Գլխին թասանման գլխարկ է՝ մի կողմից ծաղիկ: 30-ականների ոճով: Դեմքը՝ ոչինչ, ձեռքերն ահավոր են: Ճաքճքած, թառամած: Փաստորեն մարդ կա՝ ձեռքերից է ծերանում:

Քինդլիս մեջ ծերուկ Սանտյագոն է սպասում: Շնաձկների հետ մեն-մենակ մարտնչելիս: Բայց արագ եմ տեղ հասնելու, չեմ հասցնի կարդալ: Ինչպե՞ս են ասում էն կողմերում ծովին՝ լա Մառ: Ավելի շուտ դիմում են: Լա Մառ: Չգիտես ինչի Սանտյագոյին հենց Հեմինգուեյ եմ պատկերացնում, պարզապես ավելի ծեր, հնամաշ: Տեսնես՝ կհաղթի՞ շնաձկներին...

... Հաջորդ կանգառը ձերն է, գլխարկո՛վ տիկին:  Հաջողություն:

Մեղքս տվեց ձեռքերի համար... Որպես կինը կնոջ խղճացի: Եսիմ

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles