Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Այծեր և գայլեր կամ Հայաստանի ինտեգրացիոն հեռանկարները

$
0
0

Իմաստուն այր մի` Վարդան անուն, Այգեկ վանքից, սույն առակը հորինեց սերունդների համար: Գրաբարյան քաղցրաբարբառ բնօրինակից ես էլ` նվաստս, դուրս բերեցի այս սեղմատարբերակը.

«Հավաքվեցին այծերը և գայլերին հաշտության, խաղաղության խնդրագիր առաքեցին: Սրանք էլ ուրախացան ու պատասխանեցին, թե. «Լսեցինք ձեր բարի խորհուրդը և գոհացանք Աստծուց այս խնդության և խաղաղության համար, բայց հայտնում ենք ձեզ, որ մեր խռովության և կռվի պատճառն ու սկիզբը հովիվն ու շունն են: Եթե նրանց մեջտեղից վերացնենք, շուտով հաշտություն կլինի»:


Այծերը լսեցին այս ու վտարեցին հովվին ու շանը` անհոգորեն քաշվելով սարեր ու ձորեր` արածելու: Համբերեցին գայլերը տաս օր, ապա հարձակվեցին նրանց վրա ու հոշոտեցին բոլորին»:

«Ցուցանէ առակս Բ միտք»,- մեկնում է Վարդան Այգեկցին` որպես առաջին միտք հաստատելով, որ սրտում «բնութեամբ ամրացեալ է» ազգ ազգի, տոհմ տոհմի, մարդ մարդու հանդեպ ատելությունն ու թշնամությունը: Մյուս մտքով առակագիրը փաստում է, որ մենք մեր անձերի միջից վտարել ենք բոլոր ազգերի հովվին, որ է Քրիստոս` իր սրբերի հետ, և շանը, որ մեր միջի արիությունն է ու բարկությունը` մեղքի հանդեպ, և դրա փոխարեն խաղաղություն և սեր ենք հաստատել սատանայի և նրա դիվաց հետ:

Առակի մեկնությունն այնքան սպառիչ է, որ կարելի էր այստեղ էլ կանգ առնել: Բայց ընդունված է ժամանակների քննությունն անցած այսպիսի քանքարավոր երկերը վերընթերցել նոր լույսի տակ ու բաղդատել նոր իրողություններով:

Առակի լայնապարփակ իմաստնությունը թույլ է տալիս զուգահեռումների միջոցով մեր իրականության մեջ առկա բազմաթիվ արատներ վերհանել: Մեր բոլորի` իշխանությունների, հասարակության, անհատ մարդկանց և կառույցների կայացրած որոշումների անպատասխանատվությունը, որ ոլորտում էլ լինի, տխրությամբ պիտի նմանեցնենք այծերի կայացրած որոշման անփութությանն ու անլրջությանը: Ավետարանական համեմատություններում այծերն ընկալվում են որպես ինքնակամ, կամակոր ու թեթևամիտ արարածներ, որոնք զուրկ են Տիրոջ ընկալումից, իմաստուն խոնարհությունից ու պարկեշտությունից: Այսպիսի ներքին դատարկության և պարծենկոտության պատճառով է նախ վրա հասնում պատուհասը: Արժե, ուրեմն, որ մեր բոլոր անհաջողությունների մեջ նախևառաջ փնտրենք ներքին պատճառներ ու ինքնաքննությամբ կամաց-կամաց լցնենք մեր ներքին սնանկությունը:

Իմաստուն Այգեկցին որքան էլ աստվածպաշտորեն կողմ լիներ խաղաղության, չէր կարող արհամարհել այն փաստը, որ որոշ իրողություններ, մասնավորապես` տարբեր շահեր ունեցող խմբերի միջև անջրպետը, հնարավոր չէ լցնել թեթևամիտ խաղաղասիրության ու հանդուրժողականության անկշռադատ ու անհեռահար քայլերով: Դեռ երեկ համաշխարհայնացման և ազգային-պետական սահմանների ջնջմամբ ընթացող Արևմուտքի, ու Արևմուտքից երբեմն միայն ձևական որոշ կողմերով տարբերվող Ռուսիո թեական խաղաղասիրության դրոշի տակ հայ-թուրքական սահմանի բացման հորդորներ էին հնչում, ու պիտի խոստովանենք` այծային հիմարության հետևանքով մենք հերթական անգամ կանգնած էինք մեր կործանման եզրին: Առաջին հերթին` մեր ձեռքով: Մեր ստորագրությամբ: Մեր տգիտությամբ:

Հիմա էլ այլ սահմաններ բացելու ու այլ տեսակ սարեր-ձորերում արոտի հնարավորությունների ժամանակն է: Տնտեսական առաջընթացի ու մարդկանց տեղաշարժի ու խոստացվող բարեկեցության համար հայրենի իշխանությունն ինքն է առաջին քայլերն անում, ինքն է գաղտնի բանակցում գայլերի (վերպետական կառույցների ու տեսակ-տեսակ միությունների) հետ, ինքն է զիջումներ անում, ու թե ժողովրդի միջից անհանգստություն էլ լսում է, մեղադրում է նրան մտացածին դավադրություններին տուրք տալու մեջ: Ի՞նչ դավադրություն: Ամենքն էլ իրենց տան դռները գոց են պահում գողերի դեմ և վախենում իրենց երեխաների անվտանգության համար, ընդ որում` առանց մեղադրվելու, թե անհիմն է այդ վախն ու սթափությունը:

Գայլերն էլ` ախորժակները` սուր, իրենց ուժային առավելությանը վստահ, ամենավերջին հիմարությամբ իրենք իրենց մատնած այծերին դեռ առաջարկում են, թե մեր խաղաղության ու գործակցության ճանապարհին խոչընդոտներ կան, վերացրե´ք դրանք: Սրանք էլ վերցնում ու վերացնում են: Մենք էլ վերցնում ու ասսոցիացվում կամ միանում ենք: Վերացնելու ու ասսոցիացվել-միանալու մեջ, կասեք` տարբերություն կա: Ես կասեմ` չկա: Խորհրդային ինտեգրացիայի մեջ մենք հրաժարվեցինք Աստծուց, ու դեռ լիովին չապաշխարած` նորից ենք ուրանում Նրան` այս անգամ էլ հանուն «հումանիստական» արժեքների, հանուն «մարդու իրավունքների»: Անկախության պարգևը չգիտակցած, օտարներով հիացող ու ներքին խնդիրները սեփական ուժերով ու բարոյական վեհությամբ լուծել չցանկացող, անգամ տնային պարզունակ աշխատանքները չկատարած ծույլ ու ամբարտավան հասարակությունս մի առավոտ արթնացավ ու իրեն զգաց համաշխարհային զարգացումների համապատասխանատու ու որոշեց բոլոր ազգերին գաղափարապես իրար միացնող «մարդու իրավունքների» դրոշի ներքո մասնակից լինել մարդկային ամենաստոր ու անարգ ցանկությունների օրինականացմանն ու տարածմանը: Օրենսդրորեն: Երբեմն նյութից անտեղյակ, անգետ երեսփոխանների, իսկ շատ հաճախ էլ` «առաջադեմ» քաղհասարակության միջոցով: Անհատի սնամեջ հպարտությամբ ու ինքնագոհությամբ: Աստվածադիր իրողությունների արհամարհմամբ (առաջին միտք) ու Քրիստոսին ուրանալով, մեղքի դեմ պայքարելու մեր արիությունը փոխարինելով խոստացված հյութեղ արոտներում ինտեգրվելու հեռանկարով, սեփական ինքնապաշտպանական հնարավորություններից ու, որ ամենակարևորն է, Աստվածային տնօրինությունից հրաժարվելով:

Չէ,եղել են ժամանակներ, երբ ազգային սեփական ուժերին ու Աստծուն ապավինելով երկիրս փրկել է իրեն հոշոտումներից: Այս փառավոր օրինակները, համոթ մեզ, ուղենիշ չեն այլևս մեզ համար: Երբ Հայկը մերժում էր Բելի իշխանությունը, նախևառաջ, հանձին վերջինի, ինքնահռչակ երկրային աստծուն էր մերժում, որ հայոց արարչապաշտ ազգին պիտի կտրեր երկնային հոգածությունից` վերածելով ոգեղենությունը նյութամոլությամբ փոխարինած անդեմ ու անգետ ստրկամբոխի: Ավարայրում տարածքներ չէին որոշվում. այնտեղ, ինքնության, քրիստոնեական ինքնության ու դրանով հայ տեսակի գոյության խնդիր էր դրված: Երբ Սասնա մանուկ ծուռ Դավթին Մսրում փորձում էին ոսկով ու կրակով, մեր Ծուռը ձեռքը կրակին է տանում` նյութն իրենը չէր: Ու Մարութա բարձր Աստվածածնի ուխտն ու աղոթքն ազգափրկիչ իր առաքելության երաշխիքն էին: Թիֆլիսի ու Բաթումի քաղաքական միջանցքներում ազգիս բախտով «մտահոգ» մեր այրերը բանակցային ստորացումներ էին ապրում, երբ իսկական հայը Փիրումյանի կողքին, Գարեգին սրբազանի օրհնությամբ կռվում էր Սարդարապատում` աշխարհիս երեսից չվերանալու, Մայր Աթոռը բռում պահած վերջին կտոր հողը պահելու համար: Այծային հիմարություն չէ՞ արդյոք, երբ դեռ հիմա էլ քաղաքական մեր շատ ուժեր Արցախ աշխարհի անվտանգությունը հնարավոր են համարում ազատագրված տարածքների զիջման ու միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման գնով` հոգու նվազագույն պարտք անգամ չզգալով սահմանում կանգնած զինվորի ու պապական գեներով խաղաղությունն առաջին հերթին սթափության մեջ ու իրերն ավելորդ հուզականությունից դուրս ընկալող հրամանատարների առջև:

Երևի պետք է մեր անթիվ-անհամար կորուստների համար նախ մեր անփութությանն անդրադառնանք: Եղածը, ունեցածը, շնորհվածը, փայփայած-պահածը չգնահատելուն, այլոց կարգ ու սարքի, նիստ ու կացի նկատմամբ չփաստարկված, անհիմն մեր հիացմունքին անդրադառնանք: Ինչո՞ւ չհավատանք, որ գայլերն ավելի ուժեղ լինել չեն կարող, քանի որ Տէր չունեն, մինչդեռ այն հոտը, որն իր ներսում գոյաբանական ստեղծարար ու գործուն մեխանիզմներ ունի, որովհետև իմաստուն խոնարհությամբ ընդունել է Ճշմարտությունը, ունակ է հաղթանակած դուրս գալու ամեն պարագայում:

Այծերն, անշուշտ, լսել էին «հանդուրժողականության», «խաղաղասիրության», «միասին մենք ավելի ուժեղ ենք» լոզունգների մասին ու հապճեպորեն որոշում էին կայացրել: Հայտնի է` ամենաանհնարին ու եղկելի միտքն էլ, երբ փաթեթավորում ես բառերով, դնում «դիսկուրսի» մեջ, ժամանակ անց ենթագիտակցականի խորքերից վերածվում է հստակ գործողության` նույն այդ «դիսկուրսի» շնորհիվ ստանալով բաղձալի թույլատրելիությունն ու այսպես կոչված լեգիտիմությունը: Եվ ուրեմն, այծերը որոշել էին, որ իրենց հովիվ պետք չէ, շուն պետք չէ, որ ազատության մեջ կա ամեն ինչ` նյութական բարեկեցություն, ժամանակի ու ցանկությունների ինքնուրույն կառավարում, ու որ աշխարհն էլ ապահով է, դիմացինները` եղբայրներ:

Այսպես մենք քայլ առ քայլ ուրանում ենք Տիրոջը ու նրա պատգամները, որոնք վեր են ամեն տեսակ «հանդուրժողականության քարոզներից», ուրանում ենք մեր աստվածատուր իրավունքները, որոնք վեր են ամեն տեսակ «հիմնարար իրավունքներից», ուրանում ենք ընտանեկան, ազգային արժեքները, որոնք վեր են ամեն տեսակ գլամուրային պերճանքից ու բարեկեցությունից, ուրանում ենք մեր բանակն ու ինքնապաշտպանական կարողությունները, որոնք վեր են, բյուր անգամ վեր գլոբալ անվտանգության «երաշխիքներից», ուրանում ենք մեր մարմինը, որ նախասահմանված է տաճար ու անոթ լինելու Սուրբ Հոգու, այլ ոչ` փորձադաշտ ու փորձանոթ` մեղավոր մտքերի իրացման համար, ուրանում ենք մեր ոգեղենությունը, դառնում ենք նյութի ստրուկ, նսեմանում մարդու իսկական հանձնառության մեջ` չճանաչելով մեղքի և ոչ մի սահման, միայն թե արոտներ լինեն, միայն թե գայլերից ու աշխարհից հետ չընկնենք, միայն թե ասսոցիացվենք կամ միանանք:

Այծերն իրենք առաջին քայլն արեցին: Գայլերի մտքով չէր էլ անցնի, որ այծերն այդչափ հիմարություն կանեն:


Անի Մարտիրոսյան
2013.08.17

Այստեղից

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles