Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Կանանց իրավունքների մասին

$
0
0
Ճիշտն ասած, էս վաղուց խմորվում էր: Էս գենդերի օրենքը առիթ հանդիսացավ, որ գրվի: Բուն տեքստը քաթի տակ


Որքան շատ զրնգան արտահայտություններ ու ու շինծու գաղափարներ են լցնում մեր առօրյան էսօր: Մասնավորապես, շատերն են թութակի նման՝ առանց հասկանալու, կրկնում «մարդու իրավունքներ», «կանանց իրավունքներ», «հավասարություն» խոսքերը, և դեռ վերջերս էլ էս շղարշի տակ, մեր օրենսդիրների բացարձակ անպատասխանատվության պայմաններում անցավ ու նախագահի գրչով վավերացվեց գենդերի մասին մի օրենք, որն իսկական ական է մեր երկրի ու հասարակության համար: Եթե քայլեր չձեռնարկենք, չստիպենք, որ այդ օրենքի մեջ համապատասխան փոփոխությունները մտցվեն, մենք շուտով ականատես կլինենք տարատեսակ այլանդակությունների՝ մեր հասարակություն ներմուծման ու դրանց հրապարակայնացման:

Եւ այսիպսով, ի՞նչ են մեզ այսօր քարոզում «կանանց իրավունքների» անվան տակ: Ես իհարկե չեմ ժխտում, որ շատ ու շատ ընտանիքներում կանայք ենթարկվում են ծեծի, սակայն չէ՞ որ «կանանց իրավունքներ» ասվածը միայն ֆիզիկական բռնությունից կանանց զերծ պահելը չի:

Արևմտյան ամեն մի պատվիրակության գալ-գնալուց հետո մեր մամուլը լցվում է «ինքնակառավարման և կառավարման մեջ կանանց ներգրավվածություն» արտահայտությամբ: Արևմուտքին հաճոյանալու համար մեր քաղաքական գործիչները սկսում են հայտարարել, թե քանի հոգով են ամեն տարի ավելանում տարբեր կուսակցությունների, նախարարությունների և այլ կառույցների կին անդամները: Իսկ արևմտյան տերերն ասում են՝ քիչ է, էլի՛, էլի՛, ավելի շատ:

Սրան զուգահեռ ամբողջ հնարավոր և անհնարին մեթոդներով կանանց քարոզում են կնոջ ուժեղության, անկախության, տղամարդու հետ հավասար լինելու գաղափարները՝ գեղարվեստական ու հատուկ պատրաստած ֆիլմեր, գլամուրային ամսագրեր, հոլիվուդյան աստղերի կենսագրություններ, շքեղության ու ճոխության քարոզ և այլն: «Վայելի՛ր հաճույքը» - հիմա ամեն առիթով հորդորում են երիտասարդներին:

Ունայնություն ունայնությանց... 

Երիտասարդ աղջկան համոզում են տղամարդուն հավասար կարիերա կառուցել, անկախ լինել, գնալ առաջ բիզնեսում, քաղաքականությունում, ամեն տեղ, որտեղ հնարավոր է, գումար աշխատել, որ կարողանան նորաձևության օրեցօր թանկացող աշխարհ մտնել և այլն:

(Սակայն ինչու՞ տղամարդուն հավասար լինել: Ի՞նչ վատ բան կա, երբ տղամարդն իր տեղում է՝ կնոջը, երեխաներին, ընտանիքին, երկրին տեր, գլուխ, հենարան, մեջք: Ինչո՞ւ չօգտվել կնոջը տրված «թուլության» հնարավորությունից, թողնել, որ քեզ համար հոգ տանեն: Սա երկար գրելիք է, չեմ ուզում սրա վրա կենտրոնանալ, ուղղակի շեշտեմ, որ «թույլ լինելն» ու հոգածության տակ գտնվելն էլ կնոջ բնատուր իրավունքներից մեկն է, որ նրան շատ գեղեցիկ առավելություններ է տալիս, դրանից խելացի օգտվելու դեպքում:))

Բայց հիմա ամենակարևորի մասին:

Քարոզիչներից ոչ ոք աղջիկներին չի ասում, չի հիշեցնում, որ երիտասարդությունն անցողիկ է, գեղեցկությունն էլ հաճախ խաբուսիկ, անկախությունն էլ հարաբերական է, հարստությունը՝ ժամանակավոր, կարիերան՝ անկայուն, իսկ էդքան սիրելի ու կենսակերպ դարձած գլամուրը՝ կատարյալ փուչ մի երևույթ: Որ կինը ենթակա է կատարյալ մենակության, որ վտանգված է նրա երջանկությունը, նրա ինքնիրացման ամենակարևոր միջոցը՝ ընտանիքի կին ու մայր լինելը:

Կարիերա՝ քաղաքականությունում թե բիզնեսում, հարստություն, փառք՝ էս ամենի մեջ ոչ մի եզակի, ոչ մի բացառիկ բան չկա: Էս ամենը հասու է նաև տղամարդուն:

Էսօր քարոզվող ու գովազդվող գլամուրի աշխարհում մարդիկ չեն, գեղեցիկ կանայք ու անհատականություններ չեն, այլ մարդկանց, ստանդարտ տեսակի կնոջ պատճենահանած օրինակներ: Բազմաթիվ պատճեններ: Նորաձևության ամեն մի ալիքի հետ դրա հետևից վազողները, ուզեն թե չուզեն, դառնում են միանման: Տեսահոլովակների կոնքազդրային հատվածները շարժող հազարավոր կանայք դրանց վառ օրինակն են: Անգամ ցանկության դեպքում չեն կարող առանձնանալ՝ նույն դիմահարդարանքը, նույն մազերը, նույն ոճի հագուստը կամ դրա բացակայությունը, անառակ շարժուձևը... Նրանք բոլորը նույնն են: Միանման: Ստանդարտ: Նույն ու միանման «իրավունքներից» օգտված հազարավոր պատճենները մի տեսակի:

Իսկ ո՞րն է այն եզակի, միակ ու բացառիկ իրավունքը, որով օժտված է կինը: Ի՞նչն է յուրաքանչյուր կնոջ դարձնում եզակի ու բացառիկ ամբողջ աշխարհում:

Մայրությունը:

Յուրաքանչյուր մարդ ունի մի մայր: Մայրը միակն է իրենից ծնված երեխայի համար: Ոչինչ ու ոչ ոք չի կարող փոխարինել մորը և հակառակը՝ ոչինչ ու ոչ ոք չի կարող զավակ լույս աշխարհ բերած կնոջից խլել էդ եզակիությունը՝ միակն ամբողջ աշխարհում:

Դու, կի՛ն, կարող ես մտնել որևէ քաղաքական կուսակցություն, ու քեզ կարող են հանել էնտեղից, դու կարող ես գալ իշխանության ու մի օր հեռանալ իշխանությունից, դու կարող ես հարուստ բիզնես լեդի լինել ու կորցնել ողջ հարստությունդ, դու կարող ես երկար գեղեցիկ ոտքեր ունենալ ու տարբեր թանկ մեքենաներ նստել ու իջնել, բայց մի օր դու ծերանալու ես: Ուզես, թե չուզես՝ դու մի օր կանգնելու ես տարիքի ու անցած-գնացած կարիերայի դատարկության առաջ: Եթե դու չես ցանկացել մայրանալ, ապա դու, ինչ էլ եղած լինես կյանքիդ ընթացքում, ինչքան էլ օգտված լինես գրված ու օրենքով հաստատված «իրավունքներից», դու կորցրած ես լինելու միակն ու ամենակարևորը՝ մայրության բացառիկության իրավունքը:

Մայրությունը պարտականություն չի, անեծք չի, բեռ չի, ինչպես փորձում են համոզել կնոջից էդ իրավունքը խլել ցանկացողները: Մայրությունն իրավունք է: Կնոջ բնատուր իրավունքը: Իր գեղեցկությամբ, հրաշալիությամբ եզակի մի իրավունք, որ հասու չէ տղամարդուն:
Կա՞ արդյոք մայրությունից ավելի պատվավոր բան:

Կարծում եմ, որ չկա: Վստահ եմ, որ չկա: Չէ՞ որ Աստված հենց էդ ձևն ընտրեց աշխարհ գալու համար: Եթե լիներ մայրությունից ավելի պատվավոր բան, Աստծու Որդին այլ կերպ կգար մեզ մոտ: Մինչդեռ Քրիստոս ծնվեց կնոջից՝ կնոջը տալով ու վերահաստատելով էդ բացառիկ ու ամենապատվավոր՝ մայրության իրավունքը:

Ուրեմն, ինչու՞ թույլ տալ, որ ինչ-որ մեկը քեզնից խլի էդ իրավունքը: Ինչու՞ կուլ գնալ էս փուչ հորձանուտին, խաբվել փայլուն փաթեթավորմամբ դատարկությանը, եթե կարելի է երեխա լույս աշխարհ բերել ու դրանով դառնալ քո բացառիկ իրավունքների տերը:




Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles